Chloe-ն հայտարարել է Անջելինա Ջոլիի նորաձեւության ապրանքանիշի հետ թողարկած կապսուլային հավաքածուի մասին

11:29   7 հունիսի, 2023

Ֆրանսիական Chloe նորաձեւության տունը դերասանուհի Անջելինա Ջոլիի նոր՝ Atelier Jolie ապրանքանիշի հետ համատեղ կապսուլային հավաքածու կներկայացնի։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Chloe նորաձեւության տունը կդառնա Անջելինա Ջոլիի հագուստի նոր ապրանքանիշի՝ Atelier Jolie-ի առաջին գործընկերը, որի մասին դերասանուհին հայտարարել էր անցյալ ամիս։

«Chloe-ն հպարտ է, որ համագործակցում է Atelier Jolie ստեղծագործական համայնքի հետ՝ ստեղծելու կանանց պատրաստի հագուստի բացառիկ հավաքածու»,- ասվում է ֆրանսիական նորաձեւության տան հայտարարության մեջ։

Բոլոր էսքիզները ստեղծվել են Chloe-ի ստեղծագործական տնօրեն Գաբրիելա Հերսթի կողմից՝ Անջելինա Ջոլիի հետ համագործակցությամբ։ Հավաքածուն կներառի հիմնականում երեկոյան զգեստներ՝ ոգեշնչված Ջոլիի զգեստապահարանից։

«Այն պահից, երբ լսեցի Atelier Jolie ապրանքանիշի հայեցակարգի մասին, ես անմիջապես հավատացի դրան: Ինձ համար մեծ պատիվ է, որ Chloe-ն կլինի Atelier Jolie-ի առաջին ստեղծագործական գործընկերը, քանի որ մենք կիսում ենք նույն բարձր իդեալներն ու չափանիշները»,- ասել է Գաբրիելա Հիրստը։

Իր հերթին, Անջելինա Ջոլին հույս է հայտնել, որ Chloe-ի հետ համատեղ հավաքածուի հանդերձանքներով «բոլոր կանայք իրենց հարմարավետ եւ գեղեցիկ կզգան»։ Դերասանուհին նշել է, որ հավաքածուի վաճառքից ստացված հասույթը կներդրվի Atelier Jolie-ում դերձակների եւ արհեստավորների վերապատրաստման համար։



© NEWS.am STYLE