«Ծնունդս նշել եմ Հայաստանի ճանապարհին». HAUSER-ը կիսվեց հայաստանյան այցով ու ծրագրերով (ֆոտո)

15:44   16 հունիսի, 2023

Խորվաթ հայտնի երաժիշտ HAUSER-ը Երեւանում է, ոգեւորված իր առաջին այցի ու առաջիկա համերգի համար: Երաժիշտը «Զվարթնոց» օդանավակայան ժամանել է լուսադեմին, իսկ ծննդյան 37-ամյակը նշել հենց օդանավում:

«Ծնունդս նշել եմ Հայաստանի ճանապարհին՝ տորթով ու շամպայնով»,-ժպիտով պատմեց խորվաթ արտիստը՝ խոստանալով, որ երկրպագուներին վաղը՝ հունիսի 17-ին սպասվող համերգին բազում հետաքրքիր ու անմոռանալի պահեր են սպասվում:

354087023_616674107092193_6521426349129415051_n.jpg (184 KB)

HAUSER-ը հայ երաժիշտներից շատերին ծանոթ չէ առայժմ, բայց նշեց, որ հավանում է Արամ Խաչատրյանին, հատկապես, նրա Ջութակի կոնցերտը:

NEWS.am STYLE-ը երաժշտից հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում անցկացնել իր ժամանակը Հայաստանում: «Կցանկանայի ծանոթանալ ձեր ազգային խոհանոցին: Ի՞նչ խորհուրդ կտայիք ուտել եւ խմել այստեղ»,-հետաքրքրվեց արտիստը, որին ի պատասխան՝ նշեցինք տոլման, խորավածը եւ, իհարկե, հայկական գինին: «Անպայման կփորձեմ գինի, բայց՝ ոչ համերգից առաջ»,-կատակեց նա:

353803385_1001966381166933_5011376433071825286_n.jpg (189 KB)

HAUSER-ը մի շարք համաշխարհային մրցույթների դափնեկիր է, նա հանդես է եկել այնպիսի արտիստների ու խմբերի հետ, ինչպիսիք են՝ Էլթոն Ջոնը, Անդրեա Բոչելին, U2-ն, Red Hot Chili Peppers-ը, Ջորջ Մայքլը, Aerosmith խմբի հայտնի մեներգիչ Սթիվեն Թայլերը եւ մի շարք այլ անուններ։ Հարցին՝ որն է իր հաջողության գաղտնիքը, HAUSER-ը պատասխանեց.

«Հաջողության գաղտնիքը ինքդ քեզ հավատարիմ լինելն է, իրական լինելը, չկեղծելը: Կարեւոր է նաեւ ձախողումից հետո երբեք չհանձնվելը»:

353723429_653255136648834_3437877156405668556_n.jpg (188 KB)

Հիշեցնենք, որ արտիստը Հայաստանում է ՀԱՅԱ փառատոնի հրավերով։ Նրա երեւանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

 

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE