Wine Story. կարմիր գինին օգտակար է սեռական առողջության համար

22:40   4 հուլիսի, 2023

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս կարմիր գինու պոտենցիալ օգուտները սեռական առողջության համար, գրում է Journal for Clinical Medicine-ը:

вино.jpg (48 KB)

Հրատարակությունը գնահատում է 1993-ից 2022 թվականներին անցկացված մի շարք հետազոտություններ եւ նշում, որ կարմիր գինին, եթե չափավոր օգտագործվի, կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաեւ սեռական ցանկության հարցում, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։

вино4.jpg (32 KB)

«Կարմիր գինու մեջ հայտնաբերված պոլիֆենոլների հակաօքսիդանտ հատկություններն օգտակար են տղամարդկանց վերարտադրողական համակարգի համար, ինչը ենթադրում է դրական հարաբերակցություն կարմիր գինու սպառման եւ շիճուկում տեստոստերոնի մակարդակի միջեւ»:

Կարմիր գինու, ինչպես նաեւ մրգերի, բանջարեղենի եւ այլ խոտաբույսերի ու համեմունքների մեջ հայտնաբերված պոլիֆենոլները գործում են որպես հակաօքսիդանտներ՝ կանխելով սրտանոթային հիվանդություններն ու նույնիսկ քաղցկեղը: Դրական ազդեցություն ունենալով սրտի վրա՝ այն կարող է մեծացնել արյան հոսքը դեպի մարմնի այլ մասեր, այդ թվում՝ սեռական օրգաններ։

вино1.jpg (51 KB)

«Մինչ այժմ հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ կարմիր գինին, եթե չափավոր օգտագործվի, կարող է պոտենցիալ օգտակար լինել էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդների համար», - նշվում է հոդվածում։ Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր գինին կարող է օգնել բարձրացնել տեստոստերոնի մակարդակը, ինչպես նաեւ տղամարդկանց պտղաբերությունը:

Հետազոտությունը նաեւ ուսումնասիրել է կարմիր գինու ազդեցությունը կանանց վրա եւ պարզել, որ նրանք, ովքեր կարմիր գինի են խմում չափավոր քանակությամբ, ավելի ուժեղ սեռական ցանկություն են ունենում, քան նրանք, ովքեր խմել են մեկ բաժակ կամ ավելի քիչ: «Կանայք, ովքեր չափավոր օգտագործում են կարմիր գինի, ցույց տվեցին սեռական ցանկության ու քսանյութերի ավելի բարձր մակարդակ՝ սեռական ֆունկցիայի ընդհանուր բարելավմամբ՝ համեմատած այն կանանց կամ «պատահական խմողների» հետ, ովքեր օրական մեկ բաժակից պակաս էին օգտագործում ցանկացած տեսակի գինի կամ այլ ալկոհոլային խմիչք»:

вино3.jpg (74 KB)

Հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները կարող են պայմանավորված լինել ինչպես պոլիֆենոլների, այնպես էլ կարմիր գինու մեջ ալկոհոլի պարունակության սիներգետիկ ազդեցությամբ։

Հետազոտությունը նաեւ ուսումնասիրել է, թե արդյոք այլ ալկոհոլային խմիչքները, ինչպիսին է գարեջուրը, ունեն նմանատիպ ազդեցություն, սակայն եզրակացրել են, որ կարմիր գինին ավելի մեծ ազդեցություն է ունենում: Միաժամանակ նշվել է, որ ալկոհոլի մեծ քանակությունը վնասակար է սեռական առողջության, ինչպես նաեւ ընդհանուր առողջության համար։



© NEWS.am STYLE