Գրիգը՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում սպասվող շրջագայությունների, Սոնային «բաժանվելու առաջարկություն» անելու եւ իրական կյանքից ծնվող հումորային իրավիճակների մասին

14:05   5 հուլիսի, 2023

Հումորիս, հաղորդավար Գրիգ Գեւորգյանը պատրաստվում «Վայ, Գրիգ, Գրիգ» ստենդափի եվրոպական ու ամերիկյան շրջագայություններին։ Մինչ այդ նա NEWS.am STYLE-ի հետ ամփոփել է Հայաստանում կայացած ներկայացումների հաջողությունները, խոսել իր եւ կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի անձնական կյանքը ստենդափներում ներկայացնելու մասին, եւ ամփոփել առաջիկա նորությունները։ 

«Երբ առաջին «Վայ, Գրիգ, Գրիգ» ստենդափն էինք գրում, իմ մեջ շատ վախեր կային, որովհետեւ չնայած արդեն ստենդափով հայտնի էի հեռուստատեսային դաշտում ու ունեի շատ դիտումներ, վախ կար, թե ո՞նց են 300 մարդ տոմս գնելու ու գան ներկայացմանը։ Առաջին միտքն այն էր, որ ես պատվով ներկայանամ այդ  300 հանդիսատեսի առջեւ։ Բայց առաջին ստենդափի տոմսերի վաճառքը, կարելի է ասել, մի քանի րոպեում եղավ, ու այնպես ստացվեց, որ մինչեւ պրեմիերան մենք արդեն վաճառել էինք 4-5 ներկայացման տոմսեր։ Դրանից հետո առաջացավ վստահությունը»,-պատմում է Գրիգը՝ խոստովանելով, որ վախի ու տագնապի նման զգացողություն ունեցել է նաեւ հետագայում, երբ «Վայ, Գրիգ, Գրիգ» ներկայացումը պետք է բարձրանար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ։

301940992_7889354831138153_2288018153514889624_n.jpg (66 KB)

«Համալիրում ստենդափով ելույթ ունենալը երազանք էր, նույնիսկ, շատ երգիչներ մարզահամերգային համալիրում համերգներ չեն դնում, ուր մնաց ինչ-որ հումորիստ ստենդափով «լցնի» դահլիճը, մանավանդ, որ սա մի ներկայացում էր, որն արդեն դիտել էր մոտ 40 հազար հանդիատես․․․ Բայց ստացվեց, ու մենք հասկանում էինք, որ այն, բացի ստենդափից, պետք է նաեւ շոու ներկայացներ, ու այդտեղ շատ մեծ էր նաեւ Սոնայի դերը, որն իր թիմի հետ միասին, բացի գեղեցիկ պարային շոուից, ինձ հետ ներկայացավ նաեւ «Գրիգ, Սոնա» ռեալիթիի ձեւաչափով, որտեղ բեմում Սոնային բաժանվելու առաջարկ եմ անում (ծիծաղում է)։ Այդ դրվագը շատ լավ ընդունվեց, ու մենք հասկացանք, որ այս ամենը կարող ենք դարձնել շարունակական՝ երկուսով միասին պատմենք կենցաղային խնդիրների մասին»։

IMG_3128.jpg (39 KB)

Գրիգի եվրոպական ու ամերիկյան շրջագայությունների սկիզբը կդրիվի այս աշնանը։ Հումորիստը խոստանում է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում՝ ցանկացած ներկայացում ադապտացվելու է տվյալ ժամանակաշրջանի արդիականությանն ու միջավայրի կենցաղին։ 

«Ես թատրոններում երբեք չեմ խաղում ստենդափ, որն արդեն ցուցադրվել է, մենք շատ հաճախ ենք դիմում ադապտացիաների։ Կատակներ կան, որ, գուցե, մի քաղաքում մարդիկ չհասկանան, դրանց փոխարեն ավելացնում ենք այնպիսի բաներ, որոնք իրենց կենցաղին ավելի բնորոշ են ու ծիծաղելի իրենց համար»։

IMG_3129.jpg (36 KB)

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով են կին-տղամարդ հարաբերությունները ներկայացնող իրավիճակները համապատասպանում Գրիգի ու Սոնայի կյանքում տեղի ունեցած իրական պատմություններին․

«Իմ ու Սոնայի կյանքին շատերը հետեւել են «Գրիգ, Սոնա» ռեալիթի շոուով։ Մենք փորձում ենք  ներկայացնել իրականը՝ իհարկե փոքր-ինչ հումորային հավելումներով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, որ իմ ու Սոնայի կոնկրետ խոսակցությունից կամ ինչ-որ փոքրիկ իրավիճակից ծնվում է շատ մեծ հատված ստենդափի, որը մարդիկ հավանում են։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ հանդիսատեսին, քանի որ դա ինձ համար շատ կարեւոր է, ու ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ նրա համար, որ իրենք հասկանում են հումորը»։ 

Գրիգի հումորի եկրպագուներին շտապենք տեղեկացնել՝ նա նոր ստենդափ է նախապատրաստել․ 

IMG_3131.jpg (35 KB)

«Ճիշտն ասած՝ ծրագրում էինք սեպտեմբերին անել նոր ներկայացում, բայց քանի որ սեպտեմբերին եւ հոկտեմբերին մեկնարկում են իմ եվրոպական ու Միացյալ Նահանգների շրջագայությունները, այն դեռեւս հետաձգեցինք։ Չխոստանամ, բայց կփորձենք ամեն ինչ անել, որ մինչեւ տարեվերջ նոր ներկայացումը պատրաստ լինի, որն իր ոճով շատ է տարբերվելու «Վայ, Գրիգ, Գրիգ» (1,2) եւ «Տոնա, արա» ներկայացումներից։ Այստեղ կլինեն ավելի շատ անձնական թեմաներ, եւ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ ամեն ներկայացման ժամանակ հանդիսատեսն ասում է, որ այն ավելի լավն էր, քան նախորդը։ Այդ աճն ինձ համար շատ կարեւոր է։ Նոր ներկայացման հետ կապված ամեն ինչ պատրաստ է, նույնիսկ՝ անունը եւ պաստառը։ Չեմ ուզում փակագծեր բացել, բայց շատ լավն է լինելու։ Հուսանք՝ նոյեմբերին կհասցնենք պրեմիերան»։ 

Գրիգի հեռուստատեսային աշխատանքի հետեւողներին տեղեկաղնենք, որ այս ոլորտում եւս կլինեն նորություններ․ նոր նախագծի բանակցությունները ընթանում են, սակայն կյանքի կկոչվեն շրջագայություններից հետո։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE