Վնասակար դիետաներն ու դրանց հետեւանքները (մաս II)

19:08   19 դեկտեմբերի, 2013

Հանուն սլացիկ կազմվածքի շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, երբեմն նույնիսկ առողջությունը զոհաբերելուն: Այս հոդվածում ներկայացնելու եմ ոչ միայն վնասակար, այլ կարելի է ասել՝ զզվելի դիետաները: Նման կտրուկ միջոցների դիմում են կա՛մ լիովին հուսահատված, կա՛մ հոգեկան խնդիրներ ունենալու դեպքում:

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է մտածել, գեղեցկության նման պատրանքն արդյո՞ք պետք է սեփական մարմինն ու օրգանիզմը ծաղրելու հաշվին լինի:

Եվ այսպես, «զզվելի դիետաների» առաջին հորիզոնականում մակաբույծների միջոցով նիհարելն է: Այո, այո... Գտնվում են կանայք, ովքեր հանուն բարակ գոտկատեղի պատրաստ են իրենց օրգանիզմում կամովի ճիճուներ տեղավորել: Եթե հավատանք բազմաթիվ հրապարակումներին, նրանց թվում են Մարիա Կալլասը, Մառլեն Դիտրիխը, ինչպես նաեւ Լարիսա Դոլինան:

Առավել հայտնի են երիզորդները, ասկարիդներն ու եզան երիզորդները, որոնք օրգանիզմում հայտնվում են հաբերի միջոցով: Դրա հետ մեկտեղ սննդակարգը սահմանափակելու անհրաժեշտություն չկա, քանի որ մակաբույծներն ամեն ինչ ուտում են, այդ թվում՝ վիտամինները, նույնիսկ B12-ը: Այսպիսի դիետայի արդյունքները նկատելի են արդեն մեկ շաբաթ անց: Սակայն ձեր բախտը կբերի, եթե այսպիսի «դիետա»-ի դեպքում բավարարվեք միայն էնդոկրին համակարգի խնդիրներով կամ նյութափոխանակության խանգարմամբ: В12 վիտամինի պակասը ծայրահեղ ընկճվածություն է առաջացնում, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն:

Բացի այդ, դրանք արագ են բազմանում. էգ ասկարիդները կարող են մեկ օրում մինչեւ 200.000 ձու դնել, որոնցից էլ շատակեր ճիճուներ են դուրս գալիս: Այս ամենը մեծ վնաս է հասցնում ամբողջ օրգանիզմին, իսկ ճիճուներից օրգանիզմն ազատելն այնքան էլ դյուրին չէ, ինչպես թվում է: Մեկ կախարդական հաբով չեք ազատվի: Որդը հարձակվում է հյուսվածքների վրա, այստեղ հակամարմիններ են արտադրվում եւ օրգանիզմը ժամանակի ընթացքում դադարում է հասկանալ, որտեղ է վնասված հյուսվածքը, իսկ որտեղ՝ առողջը, եւ սպանում է ամբողջը:

Այս աղյուսակի երկրորդ հորիզոնականում նիհարեցնող հաբերն են: Դրանցից մի քանիսի մեջ, օրինակ՝ հայտնի «թայվանական հաբեր»-ում, հոգեմետ բաղադրիչներ կան, ինչպես նաեւ ամֆետանի դասի արգելված դեղորայք ֆենֆլյուրամին, ֆենտերմին եւ նատրիումի պոլի-4-ստիրենսուլֆոնատ: Դրանց անընդհատ օգտագործումը մեծ վնաս է հասցնում օրգանիզմին եւ հոգեկան խանգարում առաջացնում: Այդ հաբերը կարող են նաեւ բացասական հետեւանքներ ունենալ շատ այլ օրգանների վրա՝ լյարդի, երիկամների, սրտի եւ այլն:

«Հրաշք հաբերի» մեծ մասը հագեցածության կեղծ զգացում են առաջացնում՝ ազդելով բջիջների վրա: Իսկ երբ դադարում եք ընդունել դրանք, բջիջները շտապում են վերականգնվել եւ քաշն ավելի արագ ու կրկնապատիկ է վերադառնում: Այդպիսի հաբերի կողմնակի ազդեցություններն են քնի խանգարումը, անքնությունը, արյան բարձր ճնշումը, համի զգացողության կորուստը, ալերգիկ ռեակցիաները, սրտխառնոցը, լյարդի քայքայումը եւ այլն:

Ցանկում հաջորդը, այսպես կոչված, «ուրինոդիետաներն» են: Այս դեպքում ճաշելուց առաջ մեզ են խմում: Այլ ըմպելիքներ չի թույլատրվում, նույնիսկ ջուր: Դիետայի ընթացքում պետք է օգտագործել միայն չոր սնունդ. բանջարեղեն, հաց, միս, ձավարեղեն: Այս դիետան խոստանում մեկ ամսում 10 կգ քաշի կորուստ: Անգամ դժվար է պատկերացնել, թե ով կգնա նման քայլի: Այսպիսի դիետայի արդյունքում արյան մեջ թափանցում են մթերքների թափոններ, վնասակար բաղադրիչներ, ինչպես նաեւ մանրէներ, որոնք կարող են գոյություն ունենալ միզուղիներում: Հասնելով թոքերին՝ դրանք թոքերի համատարած բորբոքում են առաջացնում, որոնք ընդհանրացնում են գործընթացը եւ մահվան հանգեցնում:

Համոզված եմ, որ շատերը լսել եւ նույնիսկ փորձել են քացախի դիետան, որը նույնպես հեքիաթային արդյունքներ է խոստանում: Ուտելուց առաջ մեկ թեյի գդալ խնձորի քացախ խմելու արդյունքում ճարպերն այրվում են: Քաշն արագորեն նվազում է, սակայն ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթը պատվում է խոցերով եւ էրոզիաներով:

Յուլիա Վարդանյան



© NEWS.am STYLE