15:28 8 հուլիսի, 2023Fashion Scout Armenia անվանակարգում առաջին հաղթողը դարձավ Մարի Հայրապետյանը։ Նախագիծն ուղղված է նորաձեւության դիզայնի ուղղությամբ ուսանողներին եւ շրջանավարտներին խթանելուն։
Մարին ծնվել եւ մեծացել է Ղազախստանում՝ Աստանա քաղաքում։ Իր տաղանդը զարգացնելու համար նա ընտրել է Մոսկվայի համալսարանը, որտեղ տեղափոխվել է 17 տարեկանում։ Աղջիկը միշտ կապ է պահպանել հայրենիքի հետ։ Դա ակնհայտ է նույնիսկ Fashion Scout-ի ներկայացված հավաքածուից։
«Մանկության տարիներին ամեն ամառ գալիս էի Հայաստան, հիմնականում Սյունիքում էի լինում՝ Քաջարան եւ Խնածախ գյուղերում, որոնք մեծ դեր են խաղացել իմ ինքնության ձեւավորման գործում՝ կապված հայկական մշակույթի վերածննդի հետ»,- նշել է Հայրապետյանը։
Ռազմավարական նշանակության տարածաշրջանի խորը ուսումնասիրությունը, Քաջարանի լեռնալանջերը հիշեցնող ընտրված գործվածքները եւ «Սյունիքի վերածնունդ» հավաքածուի ազգային տարազի տարրերը հայրենիքի հանդեպ սիրո երկարատեւ մշակման արգասիքն են: Եվ ամենեւին էլ ոչ մակերեսային, այլ հիմնարար։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարին նշել է. «... Կարեւոր է, որ ծնողները մեզ փոխանցեն մեր տոհմային գիտելիքները։ Մենք գիտենք, թե որտեղից է եկել մեր ընտանիքը, ինչ են արել մեր նախնիները։ Մոռանալով մեր արմատները՝ մենք մոռանում ենք, թե իրականում ով ենք»:
Անվանակարգին մասնակցել են Բեյրութից մինչեւ Մոսկվա ձգվող ժողովրդագրական պատկերով 8 դիզայներ։ Մրցանակը՝ ծափերով լի դահլիճ, ինչպես նաեւ պրակտիկա Իտալիայում ականավոր մոդելավորող Նաիրա Խաչատրյանի մոտ։ Ճամփորդության շրջանակներում Մարին կայցելի Lineapiu մանվածքի գործարան, որտեղ նրա ուսուցիչն աշխատում է ավելի քան 20 տարի:
Նայելով ապագային՝ դիզայները գնում է դեպի հայրենի մարզի՝ Սյունիքի մշակույթի վերածնունդ։ Նա նախատեսում է շարունակել ոգեշնչել իր համայնքին ընտրված հայեցակարգով: