«Ազգային երգիչ» նախագծի շքեղ համերգն ու մասնակիցների հույզերը՝ ետնաբեմում (VIDEO)

11:01   19 հուլիսի, 2023

Էլ ավելի վառ լույսեր, էլ ավելի շատ հույզեր, մեծ բեմ ու շատ հանդիսատես․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մեծ համերգը։ Նախագիծ, որն ամիսներ շարունակ թե մասնակիցներին, թե հանդիսատեսին պահեց հետաքրքիր լարվածության մեջ։ Մրցակցությունն արդեն անցյալում է, բայց մասնակիցների հուզմունքը դրանից չէր պակասել։ Ասում են՝ մարզահամերգային համալիրում ելույթ ունենալը յուրաքանչյուրի երազանքն էր։

«Ազգային երգիչ 2»-ի կոչմանն արժանացած Սամվել Մալոյանը նշում է՝ հաղթանակն իրեն չի փոխել, բայց մեծացրել է պատասխանատվության զգացումը։ Մյուս ֆինալիստները՝ Հայկուհի Հարությունյանն ու Արսեն Զաքարյանը, նույնպես, վայելում են ամիսների ձեռքբերումները։ 

Երկրորդ եթերաշրջանի մասնակիցների կողքին է նաեւ մրցույթի առաջին հաղթողը՝ Հարություն Մկրտչյանը, որը խոստովանում է՝ հասցրել էր կարոտել իրեն ճանաչում եւ մեծ փորձ տված նախագծին։ 

Թե ինչ է կատարվել ետնաբեմում եւ բեմին, ինչպես նաեւ՝ Ավետ Բարսեղյանի, Սամվել Մալոյանի, Հարություն Մկրտչյանի, Հայկուհի Հարությունյանի ու Արսեն Զաքարյանի խոստովանությունները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում։

Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE