«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը 2023-ին կնախագահի ANCA-ի Արեւելյան շրջանի ամենամյա գալան՝ Բոստոնում

13:05   26 հուլիսի, 2023

Բոստոնցի Քրիստինա Այանյանը, որը ֆինանսների ոլորտի մասնագետ է եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» տիտղոսակիր, կնախագահի ANCA-ի (The Armenian National Committee of America) Արեւելյան տարածաշրջանի հիմնադրամի 17-րդ ամենամյա գալա հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 7-ին՝ Բոստոնի Royal Sonesta հյուրանոցում, հաղորդում է Armenian Weekly-ն։ 

Գալայի ընթացքում սպասվում է կոկտեյլային հյուրասիրություն, լուռ աճուրդ, ընթրիք եւ մրցանակաբաշխություն: Տոմսերն արդեն հասանելի են։

Այանյանին կմիանան Արեւելյան տարածաշրջանից հարյուրավոր ամերիկահայ ակտիվիստներ եւ ընկերներ՝ նշելու տարածաշրջանի՝ 2023 թ-ի ձեռքբերումները եւ հարգանքի տուրք մատուցելու այն ակտիվիստներին, ովքեր անխոնջ աշխատել են Hai Tahd-ի առաջխաղացման համար: 

321517737_463856989267773_177665737422829575_n.jpg (156 KB)

Տարածաշրջանը հպարտությամբ կպարգեւատրի արժանավոր անհատներին ANCA-ի Արեւելյան շրջանի Ազատության եւ Վահան Քարդաշյանի անվան մրցանակներով: 

Հաջորդ սերնդի ակտիվիստները՝ ANCA-ի Լեո Սարկիսյանի պրակտիկայի ծրագրի մասնակիսցները, որոնք Արեւելյան շրջանից են, եւս կներկայացվեն գալայի ժամանակ։ 

Ինչ վերաբերում է Քրիստինա Այանյանին՝ հավելենք, որ նա ներկայացրել է Հայաստանը 2022 թ-ին անցկացված «Միսս Տիեզերք» մրցույթում։ 2020 թ-ին Քրիստինան արժանացել էր «Միսս Բոստոն» տիտղոսին։ 

Քրիստինան ծնվել է Բոստոնում, մինչեւ 5-րդ դասարան սովորել է հայկական՝ Սուրբ Ստեփանոս վարժարանում: Հայերենի վարժ իմացությունն ու հայրենասիրությունը աղջիկը վերագրում է ծնողների ու ուսուցիչների տված դաստիարակությանը:

316829577_5716549211738088_7436870972431178372_n.jpg (59 KB)

Գեղեցկության մրցույթների Քրիստինան սկսել է մասնակցել 6-7 տարեկանում, բայց մոդելինգով ավելի լուրջ զբաղվել է 15 տարեկանից:

2021 թ-ին, «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին մասնակցության շրջանում, Քրիստինան NEWS.am STYLE-ին պատմել էր, որ Հայաստանում գեղեցկության մրցույթի մասնակցելն իր համար երազանք էր եղել,-«Ես «Միսս Բոստոն 2020» եմ ճանաչվել, ու երբ հասկացա, թե ինչ ներդրում կարող եմ ունենալ՝ լինելով հայ ու աշխատելով հայկական բարեգործական ընկերությունների հետ, որոշեցի գալ Հայաստան ու մասնակցել մրցույթին»,-ասել էր նա՝ հավելելով,-«Իմ նպատակն է Սփյուռքին միացնել իրենց հայրենի հողի հետ, նաեւ ուզում եմ «Միսս Արմենիա» մրցույթն ավելի հանրահռչակել Սփյուռքի, մասնավորապես, ԱՄՆ-ի հայության մեջ: Ուզում եմ, որ մրցույթը ճանաչված լինի աշխարհով մեկ, լինեմ այդ հաղորդագրությունը բարձրացնող դեմքը: Հաղթանակից բացի ամենակարեւորն այն է, որ ես ուզում եմ Հայաստանը, Հայաստանի մասին նորությունները ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել աշխարհով մեկ ու հայկական համայնքների ներսում»:



© NEWS.am STYLE