Հայկոյի ծննդյան օրն է․ ՀՀ վաստակավոր արտիստը կդառնար 50 տարեկան

12:31   25 օգոստոսի, 2023

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, տարիներ շարունակ՝ լավագույն երգիչ․ Հայկոն շատ կոչումներ ուներ, բայց նա առավել հայտնի է, որպես ճաշակ թելադրող, հայկական էստրադայի ամենագեղեցիկ ռոմանսների հեղինակ, իսկ ընկերների խոսքով՝ նաեւ լավ մարդ ու օրինակելի ընկեր։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայկոն կդառնար 50 տարեկան։ Հայկոն իր կյանքի տարիները նվիրել է երաժշտությանը, հայկական էստրադայի զարգացմանը, Հայաստանի անունը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելուն։ Երգիչը գնահատվել է ոչ միայն հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս։

Հայկոյի գեղեցիկ ստեղծագործությունները դարձել են այցեքարտ՝ հնչելով ամենահայտնի հայկական նախագծերում ու ֆիլմերում՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Երկրաշարժ» եւ այլն։ Երգիչը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2007»-ին՝ զբաղցնելով 8-րդ հորիզոնականը։ 

Հայկոյի կյանքն ընդհատվեց 2021 թ-ի սեպտեմբերի 21-ին՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով։ Նրա մահից հետո Hayko Hakobyan Foundation-ը ստանձնեց Հայկոյի ուղին շարունակելու գործը՝ հանրահռչակելով նրա անավարտ ստեղծագործությունները։ Հիմնադրամի ջանքերով՝ այսօր՝ արտիստի ծննդյան օրը, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կկայանա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված երգչի 50-ամյակին։ 



© NEWS.am STYLE