«Երբ տեսնում ես Արարատը, սիրահարվում ես». Գորան Բրեգովիչը պատրաստվում է երեւանյան մենահամերգին (VIDEO)

16:48   28 օգոստոսի, 2023

Անվանի բոսնիացի երաժիշտ Գորան Բրեգովիչը Երեւանում է, որտեղ այսօր՝ օգոստոսի 28-ին, հանդես է գալու բացօթյա մենահամերգով: Բրեգովիչի ելույթը նախատեսված է Անգլիական այգում, որտեղ արտիստն արդեն հասցրել  է ունենալ իր առաջին փորձը: Մինչ բեմ բարձրանալը Բրեգովիչն իր տպավորություններով եւ սպասումներով կիսվել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ամառային համերգով եմ  ներկայանալու, այնպես որ բոլորը, այդ թվում ես, ուրախ ժամանակ ենք անցկացնելու: Ներկայացնելու եմ ինչպես հինը, այնպես էլ նորը, կհնչեն մի քանի ստեղծագործություն «Կարմեն» օպերայից, եւ, իհարկե, կլինեն գործեր Three Letters From Sarajevo-ից: Որքանով, որ ես տեղյակ եմ, ձեր հանդիսատեսը սովոր է լավ երաժշտության. հաճելի է նման հանդիսատեսի համար նվագելը: Կարծում եմ՝ նրանց դուր է եկել այն, ինչ տեսել են նախորդ համերգներիս ժամանակ: Հուսով եմ՝ այս անգամ էլ բացառություն չի լինի»,-մանրամասնեց երաժիշտը:

Արտիստը խոստովանեց, որ տպավորված է հայկական դուդուկի հնչյուններով, որոնք վայելել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ համատեղ փորձի ընթացքում.

«Դուդուկն իմ ամենասիրելի գործիքներից է. այն ձերն է, ինչը հրաշալի է: Նա կմիանա մեզ բեմում ու կնվագի մեզ համար»:

Բրեգովիչի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սկսվել է Շառլ Ազնավուրի հետ ծանոթությունից,-«Իհարկե, յուրաքանչյուրի հետաքրքրությունը սկսվում է Շառլ Ազնավուրից, որից հետո սկսում ես ավելի խորն ուսումնասիրել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կձայնագրեմ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը: Բոլորն են սիրում Հայաստանը: Արդեն ինքնաթիռում, երբ տեսնում ես Արարատը, սիրահարվում ես»:

Երաժիշտի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE