«Գոմեշ». մոնոներկայացում, որն արթնացնում է հինգ զգայարաններից երեքը

11:31   5 սեպտեմբերի, 2023

Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցավ «Գոմեշ» ներկայացումը։ Սյուժեն հիմնված է Հրանտ Մաթեւոսյանի համանուն պատմվածքի վրա։ Բեմադրության ռեժիսորն է ճանաչված դերասանուհի Նարինե Գրիգորյանը, ով մարմնավորել է գոմեշի դերը։

нар.jpg (55 KB)

Մոնոներկայացումը պատմում է միայնակ գոմեշի մասին, որը արու է փնտրում՝ սերունդը շարունակելու համար։ Գոմեշը երազում է իր ձագի մասին, որին նա կորցրել է։ Ճանապարհին նա հանդիպում է կովերի եւ ոչխարների հոտերի ու մարդկային ընտանիքների, ինչը միայն ավելի է խրախուսում նրան շարունակել գոմեշի որոնումները:

Գոմեշի ապրումների միջոցով ցուցադրվում է կյանքն ու բնությունը, որոնց ամեն ինչ է ենթակա։ Բեմադրության իմաստը բոլոր կենդանի էակների շարունակությունն է։ Գոմեշը խորհրդանշում է ոչ միայն ձագ գտնել ձգտող կենդանուն, այլ նաեւ բնությունը, ընդհանրապես, որպես հասկացություն ու նրա նատուրալիզմը։

нар2.jpg (38 KB)

Չնայած գոմեշի ողջ ուժին, պատմվածքի միջոցով հանդիսատեսի առջեւ բացահայտվում է նրա ողջ փխրունությունն ու խոցելիությունը։ Գոմեշը երազում է, կարոտում է, ցավ, վախ, ուրախություն եւ խաղաղություն է ապրում: Այս ամենը, ի դեպ, վերաբերում է մարդկային ճակատագրին։

Գոմեշի ճանապարհը, որի ընթացքում նա հանդիպում է տարբեր խոչընդոտների ու դժվարությունների, խորհրդանշում է հենց կյանքը, յուրաքանչյուր կենդանի էակի ուղին։

нар3.jpg (68 KB)

Ի վերջո, գոմեշը գտնում է արու եւ շուտով վերադառնում է իր հայրենի գյուղ: Ներկայացման եզրափակիչն ընդգծում է բնության օրենքների անձեռնմխելիությունը եւ նրա հետ բոլոր կենդանի էակների միասնությունը։ Այսպիսով, կյանքի, բնության ու մահվան շարժառիթները մեկ համադրությամբ հյուսված են սյուժեի թելում:

нар4.jpg (51 KB)

Իսկ ջրի փայտե տակառը, հյուսած պարանն ու չորացած փայտը հանդիսատեսին խորասուզում են ոչ միայն սյուժեի մեջ, այլեւ այն մթնոլորտի ու աշխարհի մեջ, որտեղ ապրում է գոմեշը:

Դեմքի աշխույժ միմիկաները, արտահայտիչ հայացքը, դերասանուհու պլաստիկան ու արտիստիզմը բոլորովին այլ ֆոն են ստեղծում ներկայացման ընկալման համար։

 
Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները տրամադրել է Նարինե Գրիգորյանը


© NEWS.am STYLE