15:19 6 սեպտեմբերի, 2023«Բերդ» պարային անսամբլը նշում է իր հիմնադրման 60-ամյակը․ համույթը նոր է վերադարձել եվրոպական շրջագայությունից ու արդեն պատրաստվում է առաջիկա ծրագրերին։
««Բերդ» անսամբլն իր ստեղծագործական գործունեության կարեւոր բաղադրիչներից է համարում հայկական պարարվեստի հանրահռչակումը, եւ այս տարի համույթն աշխարհի ամենահեղինակավոր՝ Ժողովրդական արվեստների եւ մշակութային փառատոնների միջազգային խորհրդի Ֆրանսիայի մասնաճյուղի հրավերով շուրջ 5 շաբաթ այնտեղ էր, եւ մասնակցեց 5 միջազգային փառատոնների, որոնք տեղի ունեցան տարբեր քաղաքներում։ Այնտեղ մասնակցում էին նաեւ աշխարհի 40 լավագուն պարային կոլեկտիվերը»,-այսօր՝ սեպտեմբերի 6-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ նշեց «Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գեւորգյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համույթը ունեցել է մենահամերգներ՝ Ֆրանսիայի 15-ից ավելի քաղաքներում եւ մասնակցել հայկական դուդուկին նվիրված կոնֆերանսի։

Հատկանշական է, որ փառատոնի բացումը կատարել է Հայաստանը, փակումը՝ Արգենտինան։
«Ես ընտրեցի Կամո Սեյրանյանի դուդուկի հնչյուրնները, Կարեն Սեւակի Արցախի գուները, Հայաստան ստեղծագործությունը, եւ աշխարհի 15 երկրներից ժամանած պարային համույթները պարում էին հայկական երաժշտության ներքո։ Ամբողջական բացումը տեւեց 8 րոպե 20 վայրկյան, սակայն այդ ամենին պատրաստվել էինք 3 ժամում։ Կարեւոր էր ոչ միայն հայկական մշակույթի տարածումը, այլեւ այդ մշակույթով մեր երկիրը սիրելի, ճանաչելի դարձնելը։ Շատ կարեւոր է մշակութային դիվանագիտությունը, եւ «Բերդ» պարային համույթի 5-շաբաթյա այս այցելությունը ես համարում եմ մշակութային դիվանագիտություն»,-հավելեց «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ այս 60 տարիների ընթացքում «համույթը կառուցել է մի այնպիսի պարիսպ, որից ներս մտած հազարավոր սաներից յուրաքանչյուրն իր լուսավոր ջահով նպաստել է հայկական մշակույթի տարածմանը»։ Անսամբլի ճանապարհորդությունն ու առաքելությունը շարունակվում է։ Առջեւում համույթի հոբելյանական համերգաշարն է։ Հոկտեմբերի 8-ին համերգով հանդես կգան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերին «Բերդ»-ը մենահամերգներով հանդես կգա Միացյալ Նահանգներում։ Հաջորդ տարի նախագծում են ելույթներ ունենալ նաեւ Եվրոպայում։
Սյունե Առաքելյան