10:30 15 սեպտեմբերի, 2023Սեւ պատմություն, բայց մոտ 2 ժամ տեւած ժպիտ ու ծիծաղ, որոնք, պարբերաբար, ընդհատվում էին հուզական մենախոսությունների արանքում: Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» սեւ կատակերգության փակ դիտումը՝ ֆիլմի անձնակազմի, հայտնիների ու մեդիա ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման, նույնիսկ, dress code-ն էր սեւ, իսկ ճեմասրահում ներկայացված էին ֆիլմի ճակատագրական հերոսուհիների կրած զգեստները:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մի տղամարդու հոգեհանգստի արարողության ժամանակ, երբ ընտանիքից ու հարազատներից բացի՝ «հրավիրվածների» ցանկում են լինում նաեւ նրա սիրուհիները, իսկ հանգուցյալի դուստրը փորձում է այնպես անել, որ մայրը չիմանա ամուսնու դավաճանությունների մասին: Այստեղից էլ սկսվում են ֆիլմի քաոսային իրադարձություները, որոնք համեմված են հումորային երկխոսություններով ու դրվագներով:
«Ֆիլմի մտահաղացումը ստեղծվել է 5-6 տարի առաջ, երբ իմ ընկերը՝ Դավիթ Բաբախանյանը, թղթախաղի ընթացքում պատմեց իր գաղափարի մասին: Նա ներկայացրեց այս ֆիլմի «ողնաշարը», որից հետո մենք մեկ տարի զրուցել ենք թեմայի շուրջ: Հետո մեզ միացել է նաեւ Աշոտը Աբրահամյան, եւ մենք սկսել ենք գրել սցենարը: Սցենարի շուրջ սկսել ենք աշխատել դեռ այն ժամանակ, երբ ես նկարահանում էի «Ազնիվ գողեր» ֆիլմը՝ 2019 թ-ին: 2021 թ-ին վերադարձա Հայաստան, եւ սկսեցինք նկարահանումները»,-պատմում է Գոռ Կիրակոսյանը:
Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։ Դերասաններից յուրաքանչյուրին կբացահայտեք նորովի, իսկ նրանք քիչ ջանք չեն թափել ռեժիսորի սպասումներն արդարացնելու համար: Օրինակ՝ Ելենա Վարդանյանը հայերեն սցենարը ստիպված է եղել ռուսերեն տառերով կարդալ, Իվետան ու Լուիզան հատուկ ֆիլմի համար Ֆլամենկո են պարել, Ռոմելան՝ էլ ավելի համարձակ պար: Ռոզին ստիպված է եղել կարճ կտրել մազերը, իսկ Դիանա Մալենկոն, չնայած եղանակային շոգ պայմաններին ու հոգնածությանը, անդադար եղել է բարձրակրունկներով, բայց, ինչպես, Իվետան նկատեց՝ «մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել»: Սակայն ամենադաժան փորձությունը, թերեւս, բաժին էր ընկել հանգուցյալին մարմնավորող Արտյոմ Մարկոսյանին: Դերասանը անհարմարություն է ունեցել դագաղի մեջ պառկելու հետ կապված, սակայն, ի վերջո, ոչ միայն կատարել է ռեժիսորի դրած խնդիրը, այլեւ ստիպված եղել նկարահնումների ընթացքում, գրեթե, չշնչել…
Գոռ Կիրակոսյանի խոսքով՝ սեւ գույնը գերակշռում է, եւ դա պատահական չէ. հերոսների միջոցով նա սեւ գույնին փորձել է հաղորդել այլ «երանգ»: «Ֆիլմը ոչ թե մահվան, այլ ապրելու մասին է»,-ասում է նա:
Կատակերգությունը կոչ է անում գիտակցել, որ կյանքը մեկ անգամ է տրվում՝ այն պետք է վայելել, սակայն փորձելով չկրկնօրինակել գլխավոր հերոսին, այլապես տհաճ միջադեպերի մեջ կարող ես հայտնվել, նույնիսկ հետմահու:
«Սեւազգեստ կանայք» ֆիլմի ռեժիսորի եւ դերասանների բացահայտումներն ու խոստովանություններն ավելի մանրամասն՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում:
Տեքստը՝ Սյունե Առաքելյանի
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի եւ Արսեն Սարգսյանի