19:43 16 սեպտեմբերի, 2023Մինչ «Նարնիայի քրոնիկները» եւ «Հարի Փոթերը» նվաճում էին համաշխարհային կինոն, շատ ուրիշ արժանավոր ֆիլմեր աննկատ էին մնում շատ հեռուստադիտողների համար: Այսօր վերհիշում ենք լավագույն ոչ դասական ֆիլմերը, որոնցում հերոսները հայտնվում են հորինված աշխարհում։
«Կամուրջ դեպի Տերաբիթիա»․ սա ֆիլմ է առանց առանձնահատուկ վիզուալ տարրերի, բայց հետաքրքրաշարժ սյուժեով: Այն գերում է դիտողին ոչ թե իր վառ պատկերներով ու թռչող վիշապներով, այլ հենց հերոսների պատմությամբ։ Ջեսը տիպիկ ինտրովերտ հինգերորդ դասարանցի է, ով սիրում է նկարել եւ լավ վազորդ է: Նրա կյանքը փոխվում է, երբ դպրոց է գալիս Լեսլի անունով մի աղջիկ, ով սիրում է պատմություններ հորինել, եւս լավ է վազում եւ գիտի մի գաղտնի անցումի մասին, որը տանում է դեպի խորհրդավոր աշխարհ: Դեռահասները շատ արագ ընկերներ են դառնում եւ սկսում իրենց արկածը դեպի կախարդական աշխարհ:
Ֆիլմը ցույց է տալիս ոչ միայն երեխաների եւ դեռահասների, այլեւ մեծահասակների՝ ֆանտազիաներով տարվելու եւ երազելու կարողությունը, որոնց դեպքում աշխարհը շատ ավելի լավն է, քան իրականում: Ֆիլմը հեռուստադիտողին հիշեցնում է երազելու եւ ընկեր ունենալու կարեւորության մասին, որի հետ կարող ես կիսել քո հույսերը։
«Վայրէջք»․ ֆիլմն այն մասին է, թե ինչպես է Ռոյ անունով կասկադյորը Ալեքսանդրիա անունով աղջկան մորֆինի դիմաց պատմում տարբեր հեքիաթներ: Ֆիլմն ինքնին նույնքան ինտրիգային է, որքան իր նկարագրությունը, իսկ վիզուալները գրավում են վառ ու հիշվող կադրերով: Չնայած գեղեցիկ պատկերին, ֆիլմը շոշափում է դավաճանության եւ ինքնասպանության դրդապատճառները։
Ո՞վ է որոշել, թե կախարդական աշխարհը պետք է կատարյալ լինի: Դաժան իրականությունը գոյակցում է պատրանքների աշխարհի հետ, որի մեջ ընկղմված են հերոսները: Ռոյի պատմությունները Ալեքսանդրիային գրավում են ոչ միայն իրենց առասպելականությամբ, այլեւ ռեալիզմով, ինչը բնորոշ չէ սովորական հեքիաթների մեծամասնությանը:
«Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները»․ սա հերթական հեքիաթային ֆիլմն է հորինված աշխարհի եւ այնտեղի հյուրերի մասին: Սյուժեն մի տղայի՝ Մաքսի մասին է, ով մոր հետ վիճաբանության ժամանակ փախչում է տնից եւ քնում նավակի մեջ։ Շուտով հերոսը հայտնվում է հրեշների հետ առեղծվածային աշխարհում, բայց չի վախենում նրանցից, այլ իրեն հռչակում է նրանց առաջնորդ։
Մաքսի եւ ժանիքավոր ջրային հրեշների բարեկամությունը դրսեւորվում է մելանխոլիկ դանդաղությամբ, որը միահյուսում է տխրությունն ու անհեթեթությունը: Երեխաների մեծանալու պատմությունը ձեռք է բերում գրավիչ աշխարհի առանձնահատկությունները, որի մասին ժամանակին երազում էր յուրաքանչյուր մեծահասակ:
Հեքիաթներն ու գեղարվեստական աշխարհները հաճախ ստեղծվում են երեխաների համար, բայց մի մոռացեք, որ դրանք հորինել են մեծերը: Ֆանտազիաներին ու երազանքներին տրվելու ունակությունը արագորեն մարում է մեր մեջ, բայց մանկական հոգին դեռ կախարդանք է փնտրում իրական աշխարհում, ինչի պատճառով էլ մեզ այդքան գրավում են հույսով ու անզգուշությամբ լի կախարդական աշխարհները։
Ռեգինա Մելիքյան