«Կոչ եմ անում բոլոր հայերին սոցիալական հարթակներում կիսվել այս լուրով՝ անկախ նրանից՝ դուք ունեք 10, թե 300 միլիոն հետեւորդ»․ Գեւ Օրկյան

18:07   19 սեպտեմբերի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն աշխարհի հայերին կոչ է անում այսօր լինել ավելի միասնական, քան երբեւէ, իսկ կառավարություններին՝ դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատերազմական հանցագործությունները։ Instagram-ի իր միկրոբլոգում Օրկյանը նոր տեսանյութ է ձայնագրել՝ «Այս պատերազմը չպետք է տեւի 24 ժամ» վերնագրով։ 

«Նրանք ոչ միայն հրետանակոծում են, այլեւ այդ ամենը տեսագրում ու ներկայացնում Ադրբեջանի ժողովրդին։ Մի՞թե սա ամենավայրագ բանը չէ, որ որեւէ երկրի կառավարություն կարող է անել։ Աշխարհի մի շարք երկրները կոչ են անում, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի՝ Արցախին օգնություն հասցնելու համար, իսկ Ադրբեջանը ոչ միայն որոշել է առհամարհել այս սանկցիան, այլեւ պատերազմ է սկսել անմեղ հայերի դեմ։ Հիմա՝ ավելի, քան երբեւէ, աշխարհի հայերը կարիք ունեն միավորվելու։ Եվ ես կոչ եմ անում բոլոր հայերին սոցիալական հարթակներում կիսվել այս նորությամբ՝ անկախ նրանից՝ դուք ունեք 10, թե 300 միլիոն հետեւորդ։ Ձեր ձայնը պետք է լսվի»,-ասում է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

Օրկյանը հավելում է,-«Մենք պետք է կանգնեցնենք Ալիեւին եւ նրա վայրագ կառավարությանը։ Նա անձեռնամխելի չէ, նրան պետք է ենթարկել սանկցիաների, նրա կառավարությունը պետք է շրջել։ Ցանկացած առաջնորդ, որը կարծում է, թե անմեղ մարդկանց սպանելն ընդունելի է, պետք է զրկվի ղեկավարությունից։ Աշխարհը պետք է կանգնի Ադրբեջանի դեմ։ Այլեւս չենք կարող նստել եւ թույլ տալ, որ այս բարբարոսությունը շարունակվի։ Ես կոչ եմ անում աշխարհ բոլոր ղեկավարներին սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ, որպեսզի վերջ դրվի հայերի սպանությանը։ Սա սկսվել է այսօր, ու այսօր էլ պետք է դադարի»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 13:00 -ից Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի գյուղերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը։ 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ 



© NEWS.am STYLE