Երջանիկ ընտանիք ունեցող կանայք չեն անհանգստանում ավելորդ քաշի համար

22:09   25 դեկտեմբերի, 2013

Գիրուկ կանայք չեն անհանգստանում ավելորդ կիլոգրամների համար, եթե նրանց հաջողվել է հանդիպել սիրելի եւ հուսալի կյանքի ուղեկցի: Նման եզրակացության են հանգել էստոնական գիտնականները: Տալինի համալսարանի հետազոտողները կարծում են, որ եթե կանայք երջանիկ են իրենց ընտրյալի հետ հարաբերություններում, ավելորդ կիլոգրամներն ու սանտիմետրերը նրանց չեն անհանգստացնում:

Իսկ եթե կինն ապերջանիկ է ամուսնության մեջ, նույնիսկ կատարյալ կազմվածքը հաճույք չի պատճառում: Հաճախ կանայք հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները բարդում են իրենց մարմնի վրա եւ սկսում են այն խոշտանգել տարբեր դիետաներով՝ ընդհուպ մինչեւ ամբողջությամբ հյուծվելը: Կնոջ համար սեփական քաշից հաճույք ստանալու միակ միջոցը երջանիկ ամուսնությունն է:

Էստոնական գիտնականների հետազոտությանը մասնակցել են 20-45 տարեկան 250 կանայք, ովքեր ապրում են պաշտոնական կամ քաղաքացիական ամուսնությամբ: Կամավորները պատմել են ընտանիքում հարաբերությունների եւ այն մասին, թե ինչպես են գնահատում իրենց կազմվածքը:

Պարզվում է՝ այն կանայք, ովքեր երջանիկ են ամուսինների հետ, գոհ են իրենց քաշից եւ արտաքինից: Իսկ այն կանայք, ում հարաբերություններում բավարար չափով ջերմություն ու վստահություն չկա, կենտրոնացած են կազմվածքի թերությունների վրա եւ ընտանիքում տարաձայնությունները վերագրում են ավելորդ քաշին:

Նյութը՝ Eurosmi.ru-ի



© NEWS.am STYLE