«Կորցրել եմ 3 տուն, հայրենիք, գործ, ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս»․ արցախցի երգիչ Լյոկա

17:31   5 հոկտեմբերի, 2023

Երգիչ Լյոկան նշել է, որ իրեն պատկանող հագուստի արտադրամասը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը։  

«Երկար չեմ պատմի, թե ինչերի միջով անցանք՝ արտադրամաս ունենալու երազանքին հասնելու համար:  Երկար տարիներ մտածել ու գծել եմ․ 2020-ից հետո այս գաղափարի շուրջ հավաքվեցին ընկերներս, հավաքվեց մի ուժեղ թիմ, ու մենք սկսեցինք գնալ մեր երազանքի հետեւից: Երեւանում արդեն գործող արտադրամասը տեղափոխեցինք Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ: Որոշեցի, որ ես որպես Արցախցի, եթե ինչ որ բանի հասնեմ այս կյանքում, դա պետք է անեմ Արցախում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի երգիչը՝ ներկայացնելով այն երկար ու բարդ ճանապարհը, որն անցել են իրենց երազանքն իրականացնելու համար։

«Թիմը մի քանի անգամ մեծացրինք, ավելացրինք սարքավորումները, նոր մոդելների վրա սկսեցինք աշխատել, նոր համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք Իրանի ու Ուզբեկստանի գործընկերների հետ, կարծես, թե ամեն ինչ լավ էր, բայց, սկսվեց բլոկադան:
Ես չեմ պատմի՝ ինչ գնով մենք հասանք այդ երազանքին, կոպեկ-կոպեկ հավաքելով, գիշեր-ցերեկ չքնելով․ շատ ծանր ու դժվար էր, բայց մենք հասանք»։

Լյոկան գրել է՝ արդեն երրորդ անգամ է կորցնում իր տունը․ «Մենք կորցրինք մեր հայրենիքը՝ Արցախը: Ես կորցրի իմ տունը՝ արդեն 3-րդ անգամ։ Տան հետ կորցրի նաեւ արտադրամասը: Ես կորցրել եմ ամեն ինչ՝ 3 տուն, հայրենիք, գործ,  ընկերներ, հարազատներ, բայց չեմ կորցրել հույսս, հավատս ու ապրելու ցանկությունս: Խաղաղություն մեր ազգին, 
մնացածը մենք կստեղծենք»։



© NEWS.am STYLE