Ուիլ Սմիթի կինը շոկային բացահայտում է արել՝ հայտնելով, որ ինքն ու հոլիվուդյան աստղը 7 տարի է, ինչ գաղտնի բաժանված են

12:49   12 հոկտեմբերի, 2023

Ջադա Պինկետ Սմիթը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ Ուիլ Սմիթը, գաղտնի բաժանված են եղել վերջին 7 տարիների ընթացքում,-գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ 1997 թվականին ամուսնացած զույգը դեռ փորձում է «հասկանալ», թե ինչպիսին է լինելու իրենց ամուսնության ապագան։ 

52-ամյա Ջադան People-ին տված նոր հարցազրույցում կիսվել է իր հարաբերությունների մասին ցնցող լուրերով, իսկ ավելի վաղ թեմայի շուրջ մանրամասն խոսել էր NBC News-ի հետ:

«Մինչեւ 2016 թվականը մենք, պարզապես, ուժասպառ էինք եղել փորձելով։ Կարծում եմ, որ մենք երկուսս էլ դեռ խրված էինք մեր երեւակայության մեջ, թե ինչպիսին պետք է լինի դիմացինը»:

Անդրադառնալով Ջադայի գրքին՝ հաղորդավարուհի Հոդան Քոդբին ասել է, որ դերասանուհին գրել է «ամուսնալուծության» մասին, չնայած՝ զույգը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ջադան գրել է. «Դա թղթով ամուսնալուծություն չէր, բայց բաժանում էր»։

Ջադան, ով 2020 թվականին խոստովանել էր, որ սիրավեպ է ունեցել երգիչ Ագուստ Ալսինայի հետ, ասել է, որ մտածում էր օրինական ամուսնալուծության մասին, բայց չէր կարող դա անել, քանի որ «խոստում» է տվել ամուսնուն, որ նրան երբեք ամուսնալուծվելու «պատճառ» չի տա:

«Ես խոստացել եմ, որ երբեք այնպիսի պատճառ չի կարող լինել, որ մենք ամուսնալուծվենք,- շարունակել է նա,-Մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Եվ ես, պարզապես, չեմ կարողացել դրժել այդ խոստումը»,-հավելել է դերասանի կինը՝ հաստատելով, որ ինքն ու ամուսինը դեռ առանձին են ապրում։

People-ի հետ զրույցում Ջադան պատմել է, որ ինքն ու Ուիլը առանձին են ապրել նաեւ «Օսկար 2022»-ի ժամանակ, երբ Սմիթը կնոջը պաշտպանելու համար բեմում ապտակել էր հումորիստ Քրիս Ռոքին՝ նրա մազերի վերաբերյալ կատակից հետո։ 

Լուսանկարը՝ Lionel Hahn/Getty Images



© NEWS.am STYLE