MTV Europe Music Awards-ը չեղարկվել է Իսրայել-Համաս պատերազմի պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով

23:57   19 հոկտեմբերի, 2023

MTV-ի արարողությունը, որին առաջադրվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Թեյլոր Սվիֆթը եւ Օլիվիա Ռոդրիգոն, պետք է տեղի ունենար նոյեմբերին՝ Փարիզում: Չեղարկումը հայտարարվել է, քանի որ Ֆրանսիան գտնվում է անվտանգության ամենաբարձր մակարդակի վրա, այն բանից հետո, երբ դանակահարության հետեւանքով սպանվեցին դպրոցի ուսուցիչն ու եւս երեքը վիրավորվեցին, գրում է Sky News-ը։

Որոշման մասին հայտարարության մեջ Paramount-ի ներկայացուցիչը, որը հանդիսանում է MTV-ի սեփականատերը, ասել է. «Հաշվի առնելով համաշխարհային իրադարձությունների անկայունությունը՝ մենք որոշել ենք չշտապել 2023 թվականի MTV EMA-ի անցկացման հետ կապված՝ հազարավոր մարդկանց զգուշությունից ելնելով, որոնց թվում են անձնակազմի անդամները, արվեստագետները, երկրպագուները եւ գործընկերները, ովքեր ճանապարհորդում են աշխարհի տարբեր ծայրերից՝ շոուն կյանքի կոչելու համար: Մենք հետեւում ենք Իսրայելի եւ Գազայի ավերիչ իրադարձություններին, որոնք շարունակում են զարգանալ, սա գլոբալ տոնակատարության համար հարմար պահ չի թվում: Հազարավոր կյանքեր են ընդհատվել, սա սուգ է»։

Չնայած միջոցառումը հետաձգվել է, քվեարկությունը շարունակվում է, եւ հաղթող արտիստները դեռ կստանան իրենց MTV EMA մրցանակները: Մանրամասները, թե ինչպես են հայտարարվելու հաղթողները, դեռ չեն հայտարարվել:

Կազմակերպիչներն ասել են, որ անհամբեր սպասում են միջոցառման անցկացմանը՝ 2024 թվականի նոյեմբերին:



© NEWS.am STYLE