Հայազգի Արաքսյա Աղաջանյանի ու Վահագն Մինասյանի ելույթները՝ ռուսական «Ну-ка, все вместе» նախագծում (VIDEO)

17:02   22 հոկտեմբերի, 2023

Ռուսական «Россия1» հեռուստաալիքով ընթանում է «Ну-ка, все вместе» հայտնի նախագծի 5-րդ՝ հոբելյանական եթերաշրջանի առաջին փուլը, որտեղ մասնակիցները պայքարում են եզրափակիչ անցնելու համար։ Երաժշտական մրցույթի նախորդ թողարկմանը, ի թիվս 8 մասնակիցների, ելույթ ունեցան նաեւ հայազգի Արաքսյա Աղաջանյանը եւ Վահագն Մինասյանը: 

32-ամյա հայուհին բեմ բարձրացավ սեւ ու սպիտակ երանգներով երկար ուղիղ զգեստով ու ժյուրիի անդամների կողմից արժանացավ «Շախմատային թագուհու» կոչմանը։ 

Ժյուրին, այդ թվում նաեւ Սերգեյ Լազարեւն ու Նիկոլայ Բասկովը, միաձայն արտահայտեցին իրենց հիացմունքը Արաքսյայի արտաքին տվյալների վերաբերյալ, բայց հայազգի երգչուհին չկարողացավ հավաքել համապատասխան միավոր՝ եզրափակիչ փուլ անցնելու համար։ Արաքսյայի ելույթի ժամանակ ժյուրիի 100 անդամներից ոտքի կանգնեց 82-ը։ Եզրափակիչ անցնելու համար երգչուհին պետք է հավաքեր նախորդ՝ 85 միավոր ունեցող մասնակցից ավելի շատ ձայներ (Արաքսյայի ելույթը՝ 1:01:26-ից)։

Մյուս հայ երգչին՝ 23-ամյա Վահագն Մինասյանին,  հաջողվեց 93 միավորով նվաճել մրցութային օրվա եռյակում 3-րդ հորիզոնականը, սակայն եզրափակչի համար հավելյալ պայքարում ուղեգիրը զիջեց մրցակցին (Վահագնի ելույթը՝ 1:42:50-ից)։

Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլ է անցել մեր հայրենակիցներից Արմեն Գրիգորյանը։ Նա ելույթ էր ունեցել նախագծի այս եթերաշրջանի առաջին թողարկմանը՝ հավաքելով 95 միավոր։ 



© NEWS.am STYLE