Աննա Բոհիգյանի «Շախմատի խաղը» մոնումենտալ ինստալյացիան կցուցադրվի Տորոնտոյում

16:30   26 հոկտեմբերի, 2023

Աննա Բոհիգյանը հայկական ծագումով եգիպտացի նկարչուհի է, որն իր աշխատանքներում ուսումնասիրում է մշակութային գաղափարները եւ բռնակալական ռեժիմների հետեւանքով առաջացած սոցիալական ցնցումները: Բոհիգյանը ծնվել է 1946 թվականին՝ Կահիրեում, բայց ապրում է ճամփորդական կյանքով՝ շրջելով Ամերիկայով, Եվրոպայով եւ Աֆրիկայով՝ հասկանալու տարբեր հասարակական-քաղաքական գործիչների միջեւ եղած զուգահեռները եւ նրանց ազդեցությունը մշակութային խնդիրների վրա:

Լյուդվիգի թանգարանի Ժամանակակից արվեստի միության կողմից նա վերջերս ստացել է արվեստի աշխարհի խոշորագույն մրցանակներից մեկը՝ Վոլֆգանգ Հանի մրցանակը։ 

анна1.jpg (50 KB)

Նրա «Շախմատի խաղը» (2022–2023) մոնումենտալ ինստալյացիան կրկին ուշադրության կենտրոնում է՝ այս անգամ Տորոնտոյի Ժամանակակից արվեստի Power Plant պատկերասրահում՝ «Փոփոխության ժամանակը» խորագրի ներքո: Բոհիգյանը սովորական շախմատային խաղաքարերը փոխարինել է իշխանության համար պայքարող միեւնույն եւ հակառակ գաղափարներ ունեցող պատմական դեմքերով:

анна2.jpg (29 KB)

Թղթի վրա արտահայտիչ մանրամասներով նկարված արվեստի գործերը ներկայացնում են շախմատային ֆիգուրներ՝ պատկերելով կայսրությունների վերելքն ու անկումը եւ այն դերը, որը խաղացել է յուրաքանչյուրը աշխարհի ձեւավորման գործում: «Շախմատի խաղը» ինստալյացիան առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականին՝ Վենետիկի KUB-ում, իսկ նույն տարվա աշնանը՝ Ավստրիայի Kunsthaus Bregenz-ում։

анна3.jpg (23 KB)

«Փոփոխության ժամանակը» կներառի նաեւ հազվագյուտ նկարներ եւ գրքեր, որոնք պատմում են Բոհիգյանի ստեղծագործական գործընթացի եւ քոչվորական ապրելակերպի մասին:

«Բռնապետական ​​ռեժիմների եւ պահպանողական կառավարությունների գլոբալ վերելքի պայմաններում, որոնք խախտում են ազատությունը, Բոհիգյանի աշխատանքը ընդգծում է պատմական ամնեզիայի խնդիրը եւ իշխանությունը տապալելու համար պահանջվող ընդհանուր ջանքերը»,- ասվում է պատկերասրահի հայտարարության մեջ: 

Ցուցահանդեսը Տորոնտոյում բաց կլինի մինչեւ 2024 թվականի հունվարի 7-ը։



© NEWS.am STYLE