Forbes-ի խոհարարական սյունակագիրը՝ երեւանյան խոհանոցի նրբությունների մասին

20:30   27 հոկտեմբերի, 2023

Forbes-ի խոհարարական սյունակագիր Լիզա Զիմերմանը այցելել է Երեւան եւ կիսվել տեղի խոհանոցի մասին իր տպավորություններով։ Նրա գրառման թարգմանությունը ներկայացնում ենք հակիրճ տարբերակով։

«Երեւանը խոհարարական հաճույքների երկիր է։ Այստեղի խոհանոցում գերակշռում են թարմ խոտաբույսերը եւ տեղական պանիրները: Տեղացիները սիրում են այդ համադրությունը փաթաթել լավաշի մեջ եւ ուտել:

Խորովածը եւս տեղական խոհանոցի կարեւոր խորհրդանիշներից է, որը անմոռանալի կդարձնի երեկոն: Այն հաճախ պատրաստվում է խոզի մսից։ Քանի որ Հայաստանը քրիստոնեական երկիր է, տեղացիներն ու այցելուները ուտեստների լայն ընտրանի ունեն: Կան նաեւ դասական եւ դժվար հասանելի ուտեստներ, օրինակ՝ տապակած դդումը՝ լոլիկի սոուսի մեջ լցոնված կանաչ լոբիով եւ մսով, որը վայելեցի «Լավաշ» ռեստորանում՝ Երեւանում իմ առաջին ճաշի ժամանակ:

Մյուս ճաշատեսակները, ինչպիսիք են մանթին, փոքր, հաստլիկ պելմենիները՝ մսով կամ բանջարեղենով, իրենց խոհարարական ազդեցությունն ունեն հայկական խոհանոցի վրա: Մանթին պատրաստվում է շատ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում եւ Լիբանանում, սակայն հայերը այն հրաշալի են մատուցում։ Սեղանին դնում են լցոնած մանթին, այնուհետեւ ավելացնում են արգանակն ու թթվասերը: Լավագույն մանթին, որը ես փորձել եմ, եղել է լիբանանահայկական ռեստորանում, որը կոչվում է «Մանթի» եւ գտնվում է քաղաքի կենտրոնում:

Եթե ցանկանում եք հիանալ քաղաքով եւ շրջակայքով, արեւածագին օդապարիկով թռիչք իրականացրեք: Skyballarmenia-ն հիանալի աշխատանք է կատարում այցելուներին օդ բարձրացնելու եւ շրջակա լեռների ապշեցուցիչ տեսարանները ցուցադրելու գործում: Օդաչուն, նույնիսկ, տեղական շամպայն է մատուցում, իսկ ճամփորդությունից առաջ եւ հետո սուրճ ու խորտիկներ են առաջարկում։ Զարմանալի զվարճանք էր:

Այս կանաչ եւ առատ քաղաքում շատ են գինիների բարերը․ տեղացիները շարունակում են բացահայտել իրենց պատմական գինու ժառանգությունը: Ամենահետաքրքիրներից մեկը Decant-ն է: Բարն ունի հայկական գինիների եւ շամպայնի մեծ տեսականի, պարզապես, ցանկալի կլիներ, որ կարմիր գինիները մատուցվեին ճիշտ ջերմաստիճանում, ոչ թե շատ տաք: Դա տեղի էր ունենում անընդհատ, ինչի պատճառով ես որոշեցի ավելի քիչ կարմիր գինի խմել։

Ճամփորդության ընթացքում ինձ միշտ հետաքրքրում էին բանջարեղենային ուտեստները։ «Դալան» ռեստորանը, որը գտնվում է Երեւանի կենտրոնում, ձվով տապակած ճակնդեղ է պատրաստում, ինչն, ուղղակի, «ռումբ է»:

Երկար գիշերից հետո «Արտաշի մոտ» կարղ եք փորձել աշխարհի լավագույն շաուրման: Անհավատալի է, բայց նույն օրը՝ երեք համեղ կերակուրից հետո, մի ամբողջ մեծ ռուլետ եմ կերել: Ինձ այն, պարզապես, ավելի շատ դուր կգար առանց տապակած կարտոֆիլի եւ, գուցե, մի քիչ մանանեխ ավելացնեի»:



© NEWS.am STYLE