Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Կամիլ Թոման

14:18   30 հոկտեմբերի, 2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարելով անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Կամիլ Թոման նկատել է‚ որ Էլգարի այս ստեղծագործությունը թավջութակի համար գրված հիմնական գործերից է‚ որը խիստ հարազատ է իրեն։ Նա նշել է‚ որ փոքր տարիքից բազմաթիվ անգամներ ունկնդրել է Էլգարի կոնցերտը՝ հիանալով նրա գեղեցկությամբ ու պարգեւած հույզերով։ 

NZ9_1041.jpg (141 KB)

Երաժշտության միջոցով կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու նպատակով Կամիլ Թոման 2020 թվականին ձայնագրել է իր «Ձայներ՝ հանուն հույսի» ալբոմը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Նա ընդգծել է‚ որ որպես ֆրանսիացի՝ իր համար շատ հուզիչ է լինել Հայաստանում։ Երկու երկրները մեծ բարեկամական հարաբերություններ ունեն։ Թավջութակահարուհու խոսքով՝ երաժշտությունը‚ որ հզոր ուժ ունի‚ կարող է բուժել հոգիները‚ մարդկանց հույս պարգեւել‚ մղել միմյանց օգնելու։ Կամիլ Թոման հավելել է‚ որ հայ-ֆրանսիական բարեկամության վառ խորհրդանիշներից մեկը Շառլ Ազնավուրն է‚ ում «Ավե Մարիան» նույնպես հնչեցվել է համերգի ընթացքում որպես աղոթք։

Կամիլ Թոման Երեւանում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համար։ Թավջութակահարուհին նշել է‚ որ իր համար շատ հաճելի է հանդիպել հայ պատանի երաժիշտների հետ՝ լսել նրանց‚ հաղորդել իր գիտելիքները‚ ոգեշնչել‚ փոխանցել սեր ու էներգիա։ 

NZ9_1615.jpg (121 KB)

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա նկատել է‚ որ թեեւ ինքը հայերեն չի հասկանում‚ սակայն երաժիշտների հետ կարողանում է հեշտությամբ հաղորդակցվել երաժշտության լեզվով։ 

Համերգի ընթացքում հնչել են նաեւ Էդվարդ Էլգարի «Երազանքի երեխաներ» ստեղծագործությունը եւ «Էնիգմա» վարիացիաները։ 

NZ9_1180.jpg (123 KB)

Նշենք նաեւ‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ամիսների համերգներին հնարավորություն կընձեռվի ունկնդիրներին‚ բարեգործներին‚ նվագախմբի գործընկերներին իրենց նվիրատվությունների միջոցով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները եւ նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական եւ այլ ծառայությունների հասանելիությունը: Նվագախմբի համերգների տոմսերի արժեքը նվազագույնի են հասցվել, ինչի շնորհիվ հնարավորություն կտրվի ավելի ու ավելի շատ հանդիսատեսի գալ համերգների ու տեղում կատարել նվիրաբերություն։



© NEWS.am STYLE