Շերն այս տարի կլինի Macy's Thanksgiving Day շքերթի աստղը

10:15   2 նոյեմբերի, 2023

Այս տարվա Macy's Thanksgiving Day շքերթի կազմակերպիչներն իրենց 97-րդ ամենամյա միջոցառմանը հրավիրել են Օսկարի, Էմմիի եւ Գրեմմիի մրցանակակիր աստղի՝ ամերիկահայ երգչուհի Շերին, գրում է Daily Mail-ը։ Երգչուհին կհայտնվի շքերթի ավարտից առաջ՝ Ձմեռ պապի ժամանման պահին, հայտնել են շքերթի կազմակերպիչները:

Շերի համար հիմա զբաղված ժամանակաշրջան է․ նա պատրաստվում է ներկայացնել իր Գրեմմիի մրցանակակիր՝ «Believe» ալբոմի 25-ամյակին նվիրված նոր տարբերակը, իսկ վերջերս հինգ տարվա դադարից հետո թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «Christmas»:

Իր երկար պատմության մեջ առաջին անգամ տոնական միջոցառումը կսկսվի առավոտյան ժամը 8:30-ին՝ կես ժամ շուտ, քան նախորդ տարիներին։ Մեկնարկը կտրվի մուլտի-ինստրումենտալիստ եւ Գրեմմիի դափնեկիր Ջոն Բատիստի կողմից: Կներկայանան նաեւ այլ երաժիշտներ։

Macy-ի շքերթն արդեն որպես ավանդույթ ազդարարում է տոնական սեզոնի մեկնարկը, իսկ հանդիսատեսը հաճախ հերթ է կանգնում՝ ողջունելու երթի մասնակիցներին, զվարճացողներին եւ նվագախմբերին: Վերջին տարիներին շքերթը  հրավիրում է աստղերին՝ որպես արարողության հատուկ հյուր։ Անցած տարի այդ դերում Մրայա Քերին էր:

Լուսանկարը՝ Jordan Strauss/Invision/AP, Filer



© NEWS.am STYLE