20:33 2 նոյեմբերի, 2023ԱՄՆ-ում Բրիթնի Սփիրսի «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 1,1 միլիոն օրինակով։ Վաճառքի հաշվարկման մեջ մտնում են նախնական պատվերները, տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներն ու աուդիոգրքերը: Ըստ Circana-ի, որը վերահսկում է հրատարակչական շուկայի տպաքանակները, տպագիր հրատարակությունը եղել է 418,000 օրինակով:
«Ես իմ սիրտն ու հոգին եմ դրել այդ հուշերի մեջ եւ շնորհակալ եմ ամբողջ աշխարհում իմ երկրպագուներին ու ընթերցողներին՝ նրանց անսասան աջակցության համար»,-ասվում է Սփիրսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Gallery Books-ի կողմից:
«Իմ ներսի կինը» գիրքը թողարկվել է հոկտեմբերի 24-ին։ Հրապարակման օրը Սփիրսը Instagram-ում գրել էր, որ իր գիրքը դարձել էր ամենավաճառվածը հայտնիների թողարկած մեմուարների մեջ։
Այնուամենայնիվ, այս պահին այն 2023-ի ամենավաճառվող ինքնակենսագրականը չէ: Սփիրսի գիրքը վաճառքի քանակով զիջում է արքայազն Հարիի՝ «Պահեստային» գրքին, որը լույս է տեսել հունվարին եւ առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով: Լավ են վաճառվում նաեւ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիրը» եւ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի «Becoming»-ը:
«Իմ ներսի կինը» աուդիոգրքի տարբերակը, որը հասանելի է «Օսկար»-ի առաջադրված դերասանուհի Միշել Ուիլյամսի ընթերցմամբ, ըստ Gallery Books-ի՝ ընկերության պատմության մեջ ամենավաճառված աուդիո թողարկումն է: