«Սմայլ» պարային ստուդիան մեծ համերգով նշեց հոբելյանական 25-ամյակը (ֆոտո)

12:18   13 նոյեմբերի, 2023

25 տարի բեմում՝ մեծ առաքելությամբ ու նպատակներով։ Երեւանի քաղաքապետարանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցին կից «Սմայլ» պարային ստուդիան նոյեմբերի 11-ին իր տարեդարձը նշանավորեց հագեցած համերգային ծրագրով։ Ստուդիայի հոբելյանական երեկոն տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում՝ տարբեր տարիքային խմբերի պարուհիների մասնակցությամբ։ Ծրագրում ներգրավված էին ինչպես խմբակային պարեր՝ այնպես էլ մենապարեր, որոնք պարուհիներից շատերը կատարում էին առաջին անգամ։ 

88ec9a8c-370a-42c0-86d9-d78b65934209.jpeg (261 KB)

«Սմայլ» ստուդիային հոբելյանի առթիվ շնորհավորելու էին եկել նաեւ գործընկերները, տարբեր մշակութային կենտրոններ, որոնց ներկայացուցիչները հենց բեմի վրա հիացական խոսքեր հայտնեցին ոչ միայն ստուդիայի, այլեւ դրա գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Լուիզա Գալստյանի մասին։

c13036f1-7475-4f49-b0ab-75db5bf22a23.jpeg (55 KB)

Բեմում ներկայացվեց 22 համար, որոնց բեմադրիչը հենց ինքը՝ Լուիզան էր։ Պարուհիները ցուցադրեցին ոչ միայն բեմական հմտությունները, այլեւ հայկական տարազների բազմազանություն, որոնք ազգային պարին զուգահեռ՝ հանդիսատեսին պատմում էին հայկական մշակութային արժեքների մասին։ 

02a56f4b-10da-4c26-9fcc-98766f46038f.jpeg (56 KB)

Գործունեության  25 տարիների ընթացքում ստուդիայի սաները հասցրել են մասնակցել  մի շարք պետական միջոցառումների, հաճախ հանդես են եկել արտերկրում՝ ներկայացնելով հայկական պարը։ Մասնակցել են փառատոնների, մրցույթների, նաեւ հանդիսանում են Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամ։ 

95e96311-716b-4962-b0f5-2af2886111f0.jpeg (36 KB)

Լուիզա Գալստյանը պարել է 3 տարեկանից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմեց, որ եղել է շրջան, երբ մտածել է բժշկությամբ զբաղվելու մասին, բայց պարն ավելի ուժեղ է գտնվել ու բուժիչ, քան ցանկացած դեղահաբ։ 16 տարեկանում նա հիմնել է «Սմայլ» ստուդիան, որի հիմքում նպատակ է դրել պահպանել հայկական պարն, ու Հայաստանի մշակույթը լավագույնս ներկայացնել աշխարհում։ Նրա խոսքով՝ այն սպասումները, որոնք ունեցել է ստուդիան հիմնելիս, արդարացվել են, քանի որ մինչ օրս բեմում են՝ շարունակելով սահմանել նոր նպատակներ։

5bf355ac-e83d-4199-adb3-51bb36e3ea7e.jpeg (45 KB)

«Մեր միջոցառումները շարունակական կլինեն, նպատակները մեծ են, հրավերներ ունենք մեկնելու արտերկիր։ Կշարունակենք մեր գործունեությունը, եւ ինձ համար ամենակարեւորը, որ պրոֆեսիոնալ պարուհիներ տանք մեր ազգին, որոնք կբարձրացնեն հայկական պարի մակարդակը։ Հիմա շատ է ավաղավում մեր մշակույթը՝ շեղվելով դեպի այլ երկրներ։ Ես փորձում եմ գրագետ եւ ճիշտ ուղղության վրա պահել մեր արվեստը»,-հավելեց նա։

148da203-8ca1-4465-8308-63875d9578fc.jpeg (38 KB)

955bc4cb-30bb-44d0-a2ba-0e7dc57a52eb.jpeg (58 KB)

5019aedd-46e3-4cf6-8a40-9726b194ef04.jpeg (64 KB)

4f1dd25d-8163-47ba-947b-c6774361d7f6.jpeg (55 KB)

51471932-22c8-4e45-bce4-eb827059e62c.jpeg (59 KB)

646c009b-6972-41a3-b1db-6607d52783c2.jpeg (62 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE