Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացումն է․ Հայաստանի ներկայացուցիչների ֆոտոշարքն ու բացահայտումները՝ մրցույթին ընդառաջ

10:31   20 նոյեմբերի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ին հաշված օրեր են մնացել։ Մեր պատվիրակներն արդեն Նիցցայում են, որտեղ այսօր կկայանա մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ Բայց մինչ մեկնելը NEWS.am STYLE-ը հասցրել է զրուցել փոքրիկ գեղեցկուհիների հետ։ 

Yan Girls՝ այսպես է կոչվում համարձակ ու աշխույժ աղջիկների խումբը, ովքեր մրցույթում մեր այս տարվա ներկայացուցիչներն են։ Խմբի անդամները 5-ն են․ Նանեն, Կամիլան ու Նենսին հասակակիցներ են՝ 11 տարեկան, Սյուզին 10 տարեկան է, իսկ կրտսերն Աիդան է՝ 9 տարեկան։ Աղջիկները NEWS.am STYLE-ին պատմել են ոչ միայն «Մանկական Եվրատեսիլ»-ում իրենց մասնակցության, այլեւ ժամանցի սիրելի տարբերակների, երբեմն պատահող վեճերի եւ դրանց լուծումների մասին, ինչպես նաեւ՝ խոսել իրենց սպասումներից ու երազանքներից։

Աղջիկներին հանդիպել էինք Երեւանի սքեյթ-պարկում՝ հերթական ֆոտոշարքն իրականացնելիս։ 

«Չնայած ամպամածությանը՝ մենք հրաշալի նկարահանում ունեցանք, քանի որ մեր տրամադրությունը բարձր է ու արեւոտ»,-զրույցը սկսում է Կամիլան, իսկ Նանեն հավելում է,-«Շատ հետաքրքիր էր, մենք հրաշալի ժամանակ անցկացրինք, ամեն ինչ ուսումնասիրեցինք, քանի որ շատ հետաքրքրասեր ենք: Բացի այդ, ամեն օր փորձերի ենք լինում ու ուրախ ենք, որ բացի դրանից՝ միասին կարողանում ենք ուրախ ժամանակ անցկացնել»:

402124296_357528926799397_535900362423649378_n.jpg (443 KB)

Ձեր առօրյան, երեւի, շատ հագեցած է դարձել, չէ՞։

Նենսի. Փորձերը դժվար են, բայց դրանց ժամանակ էլ ենք հրաշալի պահեր ունենում: 

Կամիլա. Իրականում, երբ փորձերի ենք լինում, չենք հասցնում միմյանց հետ զրուցել, դրա համար հետո սիրում ենք մի տեղ գնալ միասին, որ խոսենք տվյալ օրվա կամ անցած օրվա իրադարձությունների մասին:

Նենսի. Եթե, նույնիսկ, կոնֆլիկտ ենք ունենում, նստում ենք մի սեղանի շուրջ ու լուծում ենք այդ հարցը: Եթե, օրինակ, ես ու Կամիլան վիճել ենք (ծիծաղում է)։

Իսկ հաճա՞խ եք վիճում:)

Նենսի. Չէ, մի անգամ է եղել: Հետո մոռացանք: Չէ՞ որ, մեծանալու ենք ու էլի իրար հետ շփվենք:

Կամիլա. Ուղղակի, խոսեցինք ու հասկացանք, որ պետք չէ մանրուքների համար վիճել:

Նենսի. Հասկացանք, որ բոլորս էլ մեղավոր էինք այդ վիճաբանության մեջ, չնայած՝ «գլխավոր հերոսները» ես ու Կամիլան էինք (ծիծաղում են):

401228612_357529056799384_4681959054095516358_n.jpg (447 KB)

Լավ, անցնենք ուրախ թեմաներին։ Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք, որ հենց դուք եք Հայաստանը ներկայացնելու այս տարվա «Մանկական Եվրատեսիլ»-ին:

Սյուզի. Բոլորիս երազանքն էր այս մրցույթին մասնակցելը: Երբ Առաջին ալիքից կանչեցին, մտածեցինք՝ էլի ինչ-որ փուլի պիտի մասնակցենք: Բայց, երբ մեզ հայտնեցին, որ մենք ենք հաղթել, շոկի մեջ էինք: Մեր մայրիկներն էլ հուզվեցին:

Նանե. Երկու օր չէինք գիտակցում դա, բայց երբ փորձերը սկսվեցին, հասկացանք, որ վերջ՝ մենք անցել ենք, ու հիմա ամեն ինչ պետք է անենք կատարյալ, որ բոլորին գոհացնենք:

Իսկ ի՞նչ ասացին ձեր դասընկերները, ընկերները, երբ լսեցին լուրը:

Աիդա․ Ընկերներս շատ են ուրախացել ու լավ մաղթանքներ ասել։

Կամիլա. Սկզբում դասղեկս իմացավ: Ես մի քիչ ուշացա այդ օրը դասից, իսկ երբ ներս մտա, բոլորը սկսեցին շնորհավորել: Հետո, երբ դպրոց նկարահանման գնացինք, դասընկերներս մեզ շատ լավ դիմավորեցին, պաստառ էին պատրաստել…

Սյուզի. Երբ մեր տեսահոլովակը թողարկվեց, դասընկերներս միանգամից գրեցին, որ ուրախ են, որ ես մասնակցելու եմ «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, շատերը վստահ էին, որ մենք անցնելու ենք նախընտրական փուլը: Իսկ երբ գնացի դպրոց, նույնիսկ, հուզվեցին, երբ տեսան ինձ:

402033469_357529003466056_4022427601284170058_n.jpg (542 KB)

Նանե. Ես դասընկերներիս նամակի միջոցով եմ այդ լուրը հայտնել. գրել էի, որ երազանքս իրականացել է, ու ես գնալու եմ «Մանկական Եվրատեսիլ»: Անմիջապես ուղարկեցի նաեւ մեր տեսահոլովակը, ու ընկերներս շատ ուրախացան: Նրանք ինձ շատ են ոգեւորում:

Նենսի. Իմ դասընկերները, երբ թերթում են Instagram-ը կամ TikTok-ը, ու մեր տեսահոլովակն են տեսնում, միշտ ոգեւորված ինձ են ուղարկում: Ընկերներիցս մեկն ամեն օր մի տեսանյութ է ուղարկում Instagram-ից ու ինչ-որ մաղթանք գրում ինձ:

Կամիլա. Տղա՞ է (ծիծաղում են)։

Նենսի. Այո:

Ձեր մայրիկների միջոցով եք ծանոթացել, իսկ հե՞շտ եք ընկերացել:

Աիդա. Այո։ Մրցույթից առաջ շուտ-շուտ չէինք տեսնվում, բայց հիմա լավ ընկերներ ենք դարձել:

Մրցույթին նախկինում հետեւո՞ւմ էիք:

Այո!

Ունե՞ք սիրելի մասնակիցներ:

Կամիլա. Բոլորին սիրում ենք՝ Նարեին, Մալենային, Կարինա Իգնատյանին, Բեթթիին, Դալիթային…

402314407_357530906799199_8725001159250129124_n.jpg (144 KB)

Հիմա, երբ կարեւոր փուլերից մեկը հաղթահարել եք, ի՞նչ սպասելիքներ ունեք մրցույթից:

Նանե. Իհարկե, ուզում ենք հաղթել, բայց նաեւ շատ ենք ուզում ընկերանալ մրցույթի մյուս մասնակիցների հետ:

Նենսի. Շատերի հետ նամակներով շփվում ենք: Բայց կուզեինք տեսնել իրենց ու ավելի մոտիկից ծանոթանալ:

Աիդա. Ես, հատկապես, մտերմացել եմ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Մի օր գրեցի նրան, պատասխնեց, ու այդպես սկսեցինք շփվել:

Սյուզի. Համացանցում մի խումբ կա, որտեղ բոլոր մասնակիցներով ընդգրկված ենք, շփվում ենք ու փորձում ավելի լավ միմյանց ճանաչել: 

Կամիլա. Երբեմն մյուս երկրների ներկայացուցիչները մեզ հայերենով գրում են՝ «Շնորհակալություն»: Մենք էլ ուրախանում ենք ու փորձում իրենց էլ նույն կերպ պատասխանել:

Սյուզի. Հավանել ենք շատերի երգերը՝ Ֆրանսիայինը, Միացյալ Թագավորությանը, Ուկրաինայինը ու շատերինը:

Իսկ երբ առաջին անգամ ձեր երգը լսեցիք, ինչպե՞ս արձագանքեցիք:

402058107_357529280132695_3350941535636775794_n.jpg (602 KB)

Աիդա. Շատ հավանեցի, որովհետեւ ես K-Pop շատ եմ սիրում:

Նանե. Մեզ ասել էին, որ կինոթատրոն ենք գնալու ֆիլմ դիտելու: Գնացինք կինոթատրոն, տեսանք, որ բոլորը եկել էին՝ մեր ռեժիսոր Արթուր Մանուկյանը, Վիկա Մարտիրոսյանը, Առաջին ալիքի անձնակազմը: Մտածեցինք՝ այսքանս եկել ենք, որ կինո նայե՞նք:

Սյուզի. Հետո գովազդ սկսվեց ու անմիջապես ցուցադրեցին մեր տեսահոլովակը… ցնցվել էինք:

Նենսի. Բայց Աիդան կասկածում էր, որ կարող էր այդպես էլ լինել:

Աիդա. Դե, որովհետեւ, երբ բոլորս ու Առաջին ալիքի անձնակազմը մի տեղում ենք, չի կարող միայն կինո լինել (ծիծաղում են): Նկատի ունեմ՝ անպայման մի նվեր անում են մեզ:

Ձեր խումբը ստեղծվել է հատուկ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար․ մրցույթից հետո շարունակելո՞ւ եք հանդես գալ միասին:

Կամիլա. Իհարկե: Հուսով ենք՝ դեռ շատ նախագծեր կանենք միասին:

Իսկ ի՞նչ երազանքներ ունեք:

Կամիլա. Ամենակարեւոր երազանքն իրականացավ՝ մասնակցելու ենք «Մանկական Եվրատեսիլ»-ին, հիմա հաղթանակի մասին ենք երազում:

Նանե. Ինձ թվում է՝ հիմա պիտի շատ աշխատենք, որ մեծանանք ու հասկանանք՝ ինչում ենք մենք լավ, ու գտնենք մեր տեղը:

Սյուզի. Ես էլ էի ուզում «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել ու շուն ունենալ: Երկուսն էլ կատարվեցին:

Նենսի. Իսկ ես դեռ երազում եմ շուն ունենալու մասին:

Աիդա. Ես շատ երազանքներ ունեմ: Օրինակ՝ ուզում եմ դառնալ երգչուհի եւ պարուհի, նաեւ՝ ուսուցչուհի:

Հ․Գ․ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE