Ազգությամբ հայ այս երգիչը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Բեմական գործունեությունը սկսել է որպես լատինաամերիկյան ոճի պարող` դառնալով ավստրալիական DanceSport մրցույթի երկակի չեմպիոն: Չնայած երիտասարդ տարիքին` Արան արդեն հասցրել է շրջագայել Ամերիկայով եւ Եվրոպայով:
Ինչո՞ւ Արայի ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա: Ի՞նչ կարծիք ունի երգիչը հայկական շոու-բիզնեսի մասին եւ ո՞ր հայ կատարողներին նախընտրեց առանձնացնել:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Արայի հետ, որի ընթացքում հայազգի երգիչը ոչ միայն տալիս է վերը նշված հարցերի պատասխաններն, այլեւ խոսում է «Եվրատեսիլի» եւ Genealogy»-ի գաղափարի մասին:
- Արա, պատմեք, թե ինչպես Ձեր ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա:
- Ծնողներս Ավստրալիա են տեղափոխվել 1960-ականներին. մայրս` Եգիպտոսից, հայրս` Լիբանանից: Մորս ընտանիքը լքել է Եգիպտոսը նոր կառավարչի` Աբդել Նասերի հակաեվրոպական քաղաքականության պատճառով: Նախնիներս եղել են Հայաստանի պատմական քաղաքներից` Կեսարիայից, Տիգրանակերտից, Ադանայից եւ Անտիոքից: Հայաստանից նրանց հեռանալը կապված է մի շարք հայերի արտագաղթի պատմության հետ, եւ նրանք ստիպված լքել են իրենց հայրենիքը:
- Իսկ երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:
- Այո: Ի դեպ, Հայաստանը շատ հատուկ տեղ ունի իմ սրտում: Առաջին անգամ Հայաստան եկա 1999 թ-ին ու մկրտվեցի Էջմիածնում: Դա ինձ համար աննկարագրելի իրադարձություն էր: Սփյուռքում գտնվող ոչ բոլոր հայերին է հաջողվում մկրտվել աշխարհի հնագույն այս տաճարում: Երկրորդ անգամ Հայաստան եկա 2007 թ-ին, իսկ սկսած 2010 թ-ից` ես ավելի հաճախ եմ այցելում Հայաստան: Ես չեմ փորձում ազգայնամոլ թվալ, բայց կարծում եմ` պետք է պահպանել թե՛ արեւելքում, թե՛ արեւմուտքում սպառնալիքի տակ գտնվող հայկական մշակույթը:
- Ի՞նչն է Ձեզ հատկապես դուր գալիս Հայաստանում:
Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ Հայաստանում` մարդկանց ջերմությունը եւ իհարկե, հարուստ պատմությունը:
- Ծնվել եք Ավստրալիայում, որոշ ժամանակ բնակվել՝ Ճապոնիայում, բազմիցս շրջագայել եք ԱՄՆ-ով եւ Եվրոպայով: Ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հոգեհարազատ:
- Որպես բեմի մարդ` ինձ դուր է գալիս լավ արձագանքող հանդիսատեսը: Ես մեծապես հավատում եմ էներգիայի փոխանակմանը, դա շատ կարեւոր է հաջող ելույթ ունենալու համար: Հանդիսատեսի պահվածքը գրեթե միշտ արտացոլում է իրենց մշակութային պատկանելությունը: Օրինակ, անգլոսաքսոն հանդիսատեսը կարծում է, որ ճիշտ է պարզապես նստել եւ լուռ դիտել ելույթը, իսկ Միջին Արևելքի եւ Ասիայի հանդիսատեսը հակված է մասնակցություն ունենալ կատարողի ելույթին: Տարբեր մշակույթների մարդիկ տարբեր կերպ են հաճույք ստանում ելույթից, եւ այս ոլորտում մասնագիտացված մարդիկ սովոր են այդ տարբերություններին:
- Հայտնի է, որ մինչեւ երգչի կարիերա սկսելը, զբաղվել եք պարով: Ե՞րբ հասկացաք, որ երգելը նույնպես պետք է Ձեր բեմական գործունեության մի մասը կազմի:
- Շատ երիտասարդ տարիքից եմ զբաղվել պարով, 4 տարեկանից դաշնամուրի դասերի եմ գնացել: Սակայն այդ ամբողջ ընթացքում, ինչ զբացվում էի պարով, միշտ մտածել եմ երգելու մասին, քանի որ ես երաժշտական անձնավորություն եմ: Այնուամենայնիվ, DanceSport-ի մրցութային կարիերան ամենօրյա պարապմունքներ էր պահանջում եւ շատ ժամանակ չէր մնում երգելու համար: Երբ այդ մրցույթն ավարտվեց, որի ընթացքում ես երկու անգամ դարձա տիտղոսակիր, ավելի շատ ժամանակ սկսեցի տրամադրել վոկալային պարապմունքներիս` այդ ամենը զուգակցելով պարի եւ դասավանդման հետ: Աստիճանաբար սկսեցի կենտրոնանալ երգեր ձայնագրելու վրա եւ դադարեցի պարով զբաղվել` երգչի կարիերա կերտելու նպատակով:
- Երաժշտական ո՞ր ժանրերն եք նախընտրում:
- Միգուցե անհավատալի թվալ, բայց ես ինձ դասական երաժշտության երկրպագու եմ համարում: Մանկուց նվագել եմ Շոպեն, Մոցարտ, Բեթհովեն եւ մինչ այսօր հաճույք եմ ստանում դասական երաժշտությունից: Իսկ որպես պարող` լատինաամերիկյան երաժշտությունն է ինձ հոգեհարազատ:
- Իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ո՞ր երգիչներն են Ձեզ ոգեշնչում:
Շատ երգիչներից եմ ոգեշնչվում. նրանց թվում են անգլիական, լատինական, արաբական եւ եվրոպական մի շարք կատարողներ…Եթե թվարկեմ, ցուցակը շատ երկար կստացվի:
- Արա, հետեւո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսին: Ի՞նչ կասեք դրա մասին:
- Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այնքան էլ չեմ հետեւում հայկական երաժշտական ինդուստրիային, այնուամենայնիվ, որքանով որ հասցրել եմ հետեւել` կարծում եմ, որ հայ փոփ կատարողները ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց երգերն ու տեսահոլովակները միջազգային ստանդարտների հասցնելուն: Շատ երգիչներ չեն կարեւորում եզակի եւ յուրօրինակ լինելը: Շատ հաճախ եմ հանդիպում հայ երգիչների, ովքեր հրաշալի ձայնային տվյալներ ունեն, բայց ուշադրություն չեն դարձնում իրենց ոճին ու դիմահարդարմանը, այդ պատճառով էլ աննկատ են մնում միջազգային շուկայի համար:
- Այնուամենայնիվ, կա՞ն հայ կատարողներ, որոնց կառանձնացնեիք:
- Կան մի քանի փոփ կատարողներ, ում հարգում եմ իրենց սեփական ոճն ու անհատականությունն ունենալու համար: Նրանց թվում կնշեմ Անդրեին, Սիրուշոյին եւ Լիլուին… Նրանք տարբերվում են հայկական երաժշտական ոլորտում ու չեն կրկնօրինակում որեւիցե մեկին: Այդպիսին լինում է այն արտիստը, ով աճում է, ով այնքան համեստ է, որ կարողանում է սովորել մյուսներից: Հայկական երաժշտական ինդուստրիայում կան նաեւ անձինք, ովքեր կադրից դուրս են (օրինակ, օպերատոր Արտյոմ Աբովյանը, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը), բայց նրանց աշխատանքը եւս հիացմունքի է արժանի: Նրանք երկուսն էլ իրենց գործի վարպետներն են` միջազգային չափանիշներով:
- Ձեր երգերն անգլերեն են: Հնարավո՞ր է` մոտ ապագայում հանդես գաք հայալեզու ստեղծագործություններով:
- Երբեք մի ասա «երբեք»: Համենայն դեպս, այս շրջանում ավելի շատ կենտրոնացած եմ անգլերենի վրա, քանի որ երկրպագուներս հիմնականում անգլալեզու են:
- Իսկ ի՞նչ կասեք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին: Միգուցե, մի օր հետաքրքրություն առաջանա ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:
- Ես իսկապես երկար տարիներ է, ինչ հետեւում եմ «Եվրատեսիլին»: Շատ ուրախացա, երբ 2006 թ-ին Հայաստանը նույնպես մուտք գործեց այդ մրցույթ: Այո, հնարավորության դեպքում ես պատրաստ եմ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:
- Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնելու է «Genealogy» խումբը: Ի՞նչ կասեք խմբի գաղափարի մասին:
- Ես լսել եմ երգը եւ գաղափարի մասին վաղուց եմ տեղյակ: Գնահատում եմ այն փաստը, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել սփյուռքում գտնվող հայերին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»: Տեւական ժամանակ է, ինչ անհասկանալի պատճառներով արեւմուտքի եւ արեւելքի հայերը տարանջատվում են, ու սա հրաշալի հնարավորություն է մեծ բեմում միավորել այս երկու հատվածներում բնակվող հայերին: Ես նրանց մեծագույն հաջողություն եմ մաղթում ու վստահ եմ, որ նրանց միասնականությունը հաջողության գրավական կլինի ելույթի ժամանակ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը