Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն անցյալում են։ Ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում ու հանրության դատին կհանձնվի 2016 թվականին։ Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին պատմող այս ֆիլմի նկարահանումների, դերասանական կազմի և այլնի մասին զրուցեցինք Ջիվան Ավետիսյանի հետ։
-Պրն. Ավետիսյան, «Վերջին բնակիչ»-ը թվով Ձեր ո՞րերորդ աշխատանքն է ու ինչո՞վ է այն տարբերվում Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից:

Արցախի հետ առնչություն ունեցող ֆիլմեր, անշուշտ, ունեցել եմ` «Ղարաբաղ`Թաքնված Գանձ», «Ճանապարհ Դեպի…» եւ այլն, որոնք եղել են վավերագրական կամ կարճամետրաժ: Իմ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերը երկուսն են` «Թևանիկը» և «Վերջին բնակիչը», որը հետարտադրական փուլում է գտնվում: Ճիշտ է երկու ֆիլմերի իրադարձությունների ժամանակաշրջանը և վայրը նույնն են, բայց իրենց ասելիքով, գաղափարով, պատմությունով նրանք իրարից շատ տարբեր են:
- Այս ֆիլմի դերասանական կազմը տարբերվում է Ձեր մյուս ֆիլմերի դերասանական կազմերից: Ինչպե՞ս որոշեցիք ներգրավել հանրահայտ արտասահմանյան դերասանների: Նրանք կարողացա՞ն վերապրել ու ներկայացնել այն, ինչ ապրել ու տեսել է հայ ժողովուրդը:

Իհարկե այլազգի դերասանի համար դժվար է վերապրել այն հոգեվիճակը, որով ապրել է հայը՝ 1988-89 թվակններին: Բայց ֆիլմի աշխատանքներին մասնակից դարձած դերասանների բարձր պրոֆեսիոնալիզմը և մարդկային որակները թույլ տվեցին շատ հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Նրանք կարողացան վերապրել ֆիլմի հերոսների կյանքը, ստեղծել նրանց հավաստի կերպարները: Այդպիսի ստեղծագործական կազմի հետ հաջողված աշխատանքը երաշխիք է, որ ֆիլմը կընկալվի եւ կսիրվի նաեւ օտար հանդիսատեսի կողմից:
-Ինչպիսի՞ արձագանքներ եղան արտասահմանյան դերասանների կողմից, տպավորվա՞ծ էին։

Իհարկե յուրաքանչյուրի կողմից արձագանքը յուրովի էր, բայց առաջին խթանիչը`ֆիլմի պատմությունն էր, որը նրանց հավանությանն արժանացավ և սիրվեց բոլորի կողմից: Սա գլխավորն է, իսկ մնացյալ խնդիրները կապված տարբեր լեզուներով հաղորդակցության, կազմակերպչական, ֆինանսական եւ այլ դժվարությունների հետ, չնայած մեծ դժվարությամբ, բայց հաղթահարելի են: Դերասանները շատ սիրեցին եւ կապվեցին Արցախի մարդկանց, բնությանը, իրենց գործը բծախնդրորեն կատարող աշխատակազմի անդամներին:
-Ֆիլմի կոմպոզիտորը բոլորի կողմից սիրված, հանրաճանաչ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանն է։ Ինչպե՞ս ծնվեց հենց նրա հետ համագործակցելու գաղափարը, ու՞մն էր մտահղացումը:

Բնական է, որ ունենալով ֆիլմի սցենարը՝ ես մտովի պատկերացնում էի ֆիլմի ամբողջ ընթացքը, տեսնում դերասաններին` իրենց կերպարներով, ֆիլմի կադրերը, դրվագները, նկարահանումների ընթացքը: Ես տեսնում էի պատմությունը եւ դրան ուղեկցող երաժշտությունը, որ իմ պատկերացումով անպայման պետք է Սերժը գրեր: Մեր համագործակցությունը ստացվեց, որի համար անչափ ուրախ եմ:
-Հաճախ եք նշում, որ Արցախի մասին պետք է շատ ֆիլմեր ստեղծվեն։ Ձեր կարծիքով այդ ֆիլմերը ծառայու՞մ են իրենց նպատակին:

Յուրաքանչյուր ռեժիսոր, ֆիլմարտադրող, ինքն է որոշում, թե ինչ նպատակի կծառայի իր ֆիլմը: Ես կարծում եմ, որ ֆիլմն առաջին հերթին բարձրարժեք արվեստի գործ պետք է լինի: Այս դեպքում մնացած բոլոր նպատակները հասանելի են: Հույս եմ փայփայում, որ «Վերջին բնակիչը» ֆիլմն իր ասելիքով, իր պատմությամբ կգրավի մարդկանց սրտերը:
-Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Հետ հայացք գցելով՝ ինչպե՞ս կնկարագրեք այդ օրերը, որոնք անցկացրիք Արցախում։

Դժվարին օրեր էին, շատ լարված, բայց նաեւ շատ հետաքրքիր բոլորիս համար: Ուզում եմ նշել, որ ֆիլմի նկարահանումներն իրականացան շնորհիվ մեր սրտացավ պրոդյուսերների` Մասիս Բաղդասարյանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն`Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, լիտվական «Արտբոքս» ֆիլմարտադրող ընկերության պրոդյուսեր` Կեստուտիս Դրազդաուսկասի գլխավորությամբ: Նրանց վստահության և հավատի շնորհիվ է, որ կարողացա իմ շուրջը հավաքել այսպիսի հզոր թիմ: Շատ շնորհակալ եմ ԼՂՀ կառավարությանը: Մեզ օգնել են նաև «Փյունիկ» հիմնադրամը, «Դոմինո» ընկերությունը:
Լիբանանի ամերիկյան համալսարանից նույնպես մասնակցել են նկարահանման աշխատանքներին: Ֆիլմին աջակցել են մի շարք այլ կազմակերպություններ, որոնց մասին, հանդիսատեսը, հանրությունն անպայման կտեղեկանա:
- Ֆիլմը դեռ հանրության դատին չի հանձնվել, սակայն արդեն իսկ նրա մասին շատ է խոսվում՝ մասնավորապես ֆիլմի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցնում է 11000-ը: Ինչպիսի՞ արդյունք եք կանխատեսում հետագայի համար ու ի՞նչ կտա ֆիլմն իր հանդիսատեսին:

Այո, «The Last Inhabitant» կոչվող ֆիլմի ֆեյսբուքյան էջում մենք տեղեկացնում ենք «Վերջին բնակիչը» ֆիլմի աշխատանքների ընթացքի մասին: Ձեր նշած ցուցանիշը հաստատում է, որ ունենք բավականին մեծ թիվ կազմող հետևորդներ: Կարծում եմ ոմանց հետաքրքրում է ֆիլմի թեման, ոմանց դերասանները, ոմանց պատմությունը, ոմանց էլ միգուցե մեր աշխատանքը: Ամեն դեպքում շատ ուրախալի է, որ այս կարճ ժամանակում ֆիլմը հասցրել է հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ: Հուսով եմ, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը կսիրվի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Իսկ թե ինչ կտա ֆիլմը հանդիսատեսին`կարող է ասել միայն հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո:
Զրուցեց՝ Շուշան Պողոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»