Մենչը, Շուշաննան, Ժակը, Լուլուն եւ այլ հայտնիներ միավորվել են լքված երեխաներին օգնելու համար (ֆոտո)

19:31   15 նոյեմբերի, 2014

Հայ մայրերն ու հայտնիները միավորվել են՝ երկու լքված նորածինների օգնելու նպատակով: Օրերս մեր Հանրապետությունում լույս աշխարհ են եկել ֆիզիկական խնդիրներով երկու փոքրիկներ, ում ծնողները լքել են նրանց՝ թողնելով անօգնական:

Հայ մայրիկներից շատերը չկարողացան անտարբել մնալ բախտի քմահաճույքին թողնված այս փոքրիկների՝ Ռաֆայելի եւ Ժասմինի նկատմամբ, եւ նախաձեռնեցին մի ակցիա, որի միջոցով փորձելու են փոքրիկների համար ընտանիք գտնել: Ակցիային միացել են նաեւ հայտնիներից շատերը՝ Մկրտիչ Արզումանյանը, Մենչը, Շուշաննա Թովմասյանը, Ելենա Բորիսենկոն, Ժակը, Լուլուն, Արման Մարգարյանը եւ այլք, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում: Աստղերն այսօր լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ, որով կոչ են անելու որդեգրել լքված փոքրիկներին:

Երկու երեխաներն էլ ներկա պահին գտնվում են հիվանդանոցում եւ մոտակա ժամնակներում տեղափոխվելու են մանկատուն: Փոքրիկների ճակատագրին անտարբեր չմնացած ծնողները, ովքեր հիմնել են «ԲԱՐԻ ՄԱՄԱ» կամավորների խումբը, բացի այս ակցիայից, երեխաներին փոխանցել են նորածնին անհրաժեշտ բոլոր իրերը՝ հագուստ, խնամքի պարագաներ, կեր: Ներկայումս խմբի հիմնական թիրախն է փոքրիկների համար սիրող եւ հոգատար ընտանիք գտնելը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում «ԲԱՐԻ ՄԱՄԱ»-ի փիառ կոորդինատոր Մարինե Ադուլյանն ասաց, որ նախաձեռնությունը ստեղծվել է ֆեյսբուքյան ակտիվ մամաների ջանքերով: «Մեր նպատակը այս լքված երեխաների համար տուն գտնելն է: Այս երեխաները ոչ մի բանի կարիք չունեն, մենք ամեն ինչ նրանց համար անում ենք, նրանք միայն մայրական սիրո կարիք ունեն, եւ եթե իրենց մամաներն այսքանից հետո քնից չարթնանան, ապա հույս ունենք, որ կգտնվեն այլ սրտացավ մարդիկ»,-նշեց նա՝ հավելելով.

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Individuum Casting Production»-ին, «Tosp» ընկերությանը, «Albedo Graphics Design studio»-ին և Ռոզա Ավջյանին` ակցիային աջակցելու համար»:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE