Հոլիվուդում քննադատել են Կիմ Չեն Ինի մահվան մասին ֆիլմը վարձույթից հանելը

16:38   18 դեկտեմբերի, 2014

Երեկ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում լուրջ չեն վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, սակայն այսօր հայտնի է դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։

The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ Հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները քննադատել են Կիմ Չեն Ինի մահվան մասին ֆիլմը վարձույթից հանելը: Դերասան Ռոբ Լոուն նշել է, որ փաստորեն հաքերները լիովին հաղթել են։ Ռեժիսոր Մայքլ Մուրն իր Թվիթերում կատակելով գրել է, որ այժմ Հոլիվուդը ղեկավարում են հենց հաքերները։

Երգիծաբան Զակ Բրաֆը հայտնել է, որ «Հարցազրույց» ֆիլմը վարձույթից հանելը կարող է վատ նախադեպ է, իսկ ռեժիսոր Կեւին Սմիթը սկզբում մտածել է, որ սա մարքեթինգային քայլ է, իսկ հետո հասկացել, որ այս ամենը ցավալի իրականություն է։ Բեն Սթիլերն էլ դժվարացել է հավատալ, որ ԱՄՆ-ում այդպես են պատասխանել ինքնաարտահայտման ազատության դեմ սպառնալիքին։

Միլիարդատեր Դոնալդ Թրամփն այդ օրը համարել է «տխրահռչակ օր խոսքի ազատության» համար, իսկ ռեժիսոր Ջադ Ափաթոուն կարծել է, որ Հոլիվուդին շատ «տխուր ապագա է սպասվում»։



© NEWS.am STYLE