Պաուլո Կոելիոն 100 հազար դոլար է առաջարկել Կիմ Չեն Ինի մահվան մասին ֆիլմի իրավունքները գնելու համար

10:29   19 դեկտեմբերի, 2014

Հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում լուրջ չէին վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, բայց այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան, իսկ հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները քննադատել էին այս ֆիլմը վարձույթից հանելը։

Իր հերթին բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն Sony Pictures-ին 100 հազար դոլար է առաջարկել «Հարցազրույց» ֆիլմի իրավունքները գնելու համար։

«Պատրաստ եմ վճարել 100 հազար դոլար, որպեսզի ասեմ «ոչ» ահաբեկչական սպառնալիքներին։ Ինձ շատ դուր են գալիս հարավկորեական ֆիլմերը, որտեղ շատ հաճախ ծաղրում են Հյուսիսային Կորեային։ Այդ ֆիլմերը միշտ էլ հայտնվել են վարձույթում, եւ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։  ԱՄՆ, կամ դուք պետք է պաշտպանեք ձեր իրավունքներն ու արժեքները, կամ արժանի չեք ձեր ազատությանը։ Աշխարհը փոխվում է ոչ թե ձեր խոսքերի, այլ գործերի շնորհիվ»,- գրել է նա իր  Twitter-ում։

Նշենք, որ այս առաջարկը ուժի մեջ է մինչեւ շաբաթ օրը, եւ դրական պատասխանի դեպքում նա ֆիլմն անվճար կտեղադրի իր բլոգում։



© NEWS.am STYLE