Ջորջ Կլունի. «Մենք թույլ ենք տվել Հյուսիսային Կորեային կանոններ թելադրել մեզ. սա անհեթեթություն է»

17:42   19 դեկտեմբերի, 2014

Հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում լուրջ չէին վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, բայց այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։ Հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները քննադատել էին այս ֆիլմը վարձույթից հանելը, իսկ բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն Sony Pictures-ին 100 հազար դոլար է առաջարկել «Հարցազրույց» ֆիլմի իրավունքները գնելու համար։

Այժմ իր քննադատական խոսքն է ասել նաեւ Ջորջ Քլունին, ով տարածված լուրերի համաձայն ապրիլին պետք է գար Հայաստան։

«Պետք է ցուցադրել այդ ֆիլմը, ոչ թե այն բանի համար, որ բոլորն այդքան շատ են ցանկանում դիտել այն, այլ պարզապես ես չեմ պատրաստվում չդիտել այս ֆիլմը ինչ-որ մեկի հրամանի պատճառով։ Սա է հենց ամենակարեւորը։ Չպետք է թույլ տալ, որ մեր փոխարեն որոշեն, թե մենք ինչ դիտենք կամ չդիտենք։ Փաստորեն, մենք թույլ ենք տվել Հյուսիսային Կորեային կանոններ թելադրել մեզ. սա անհեթեթություն է»,- Կլունիի խոսքերը մեջբերել է Deadline-ը։



© NEWS.am STYLE