Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը ծեծել են մինչեւ կոմայի մեջ ընկնելը

13:29   10 փետրվարի, 2015

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջ՝ Նիք Գորդոնի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մարմնի վրա մարմնական վնասվածքներ են եղել, որոնք աղջիկը ստացել է մինչեւ ուշաթափվելը։ Այժմ միակ կասկածյալը նրա ընկերն է, քանի որ վերջին շրջանում Բոբիի եւ Գորդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել, հայտնել է celebdirtylaundry.com՝ մեջբերելով TMZ-ին։

Աղբյուրը հայտնել է, որ մարմնական վնասվածքներ են եղել 21-ամյա Քրիստինայի երեսի՝ հատկապես բերանի շրջանում եւ մարմնի վրա։ Ավելին, հարազատները նշում են, որ երբ գտել են ուշաթափված Բոբիին, ամուսինն իրեն շատ տարօրինակ է դրսեւորել։ Ուստի, ոստիկաններն այժմ նրան են կասկածում այս հանցագործության մեջ։ Լուրեր են պտտվում, որ Նիք Գորդոնը ծեծել է աղջկան։

Հիշեցնենք,որ Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում գտել էր նրա ընկերը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը աղջկան արհեստական շնչառություն էր տվել, սակայն Քրիստինան ուշքի չէր եկել:

Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ մինչ Ուիթնի Հյուսթոնի դուստրը պայքարում է իր կյանքի համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա ընկերոջ՝ Նիք Գորդոնի նկատմամբ։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Քրիստինան մարմնական վնասվածքներով էր տեղափոխվել հիվանդանոց։ Հավանաբար նա ինչ-որ մեկի հետ վիճել էր։

Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան  տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։



© NEWS.am STYLE