Ուիթնի Հյուսթոնի դստերը դուրս են բերում կոմայից

11:01   20 փետրվարի, 2015

Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, դուրս են բերում կոմայից։ CNN-ն հայտնել է, որ բժիշկներն այլեւս չեն օգտագործելու Բոբի Քրիստինայի օրգանիզմին թթվածին ապահովող շնչառության խողովակը։ Այժմ աղջիկը շնչելու է կոկորդի մեջ արված անցքով։

Բացի այդ, բժիշկները նվազեցրել են դեղերի չափաբաժինը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջ՝ Նիք Գորդոնի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մարմնի վրա մարմնական վնասվածքներ են եղել, որոնք աղջիկը ստացել է մինչեւ ուշաթափվելը։ Միակ կասկածյալը նրա ընկերն է, քանի որ վերջին շրջանում Բոբիի եւ Գորդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել։

ԶԼՄները հայտնել են, որ մարմնական վնասվածքներ են եղել 21-ամյա Քրիստինայի երեսի՝ հատկապես բերանի շրջանում եւ մարմնի վրա։ Ավելին, հարազատները նշում են, որ երբ գտել են ուշաթափված Բոբիին, ամուսինն իրեն շատ տարօրինակ է դրսեւորել։ Ուստի, ոստիկաններն այժմ նրան են կասկածում այս հանցագործության մեջ։ Լուրեր են պտտվում, որ Նիք Գորդոնը ծեծել է աղջկան, քանի որ նա մշտապես ստվերում է զգացել իրեն Բոբի Քրիստինայի կողքին։

Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան  տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։



© NEWS.am STYLE