«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ոչ միայն մրցույթի, այլ նաեւ իրենց արմատների եւ նախնիների մասին եւ թե ինչպես են նրանք հայտնվել օտար հողում:
Եսայի Ալթունյան (Եվրոպա)
Իմ մեծ մայրը` մայրիկիս մայրը, ջարդերի օրերին փախել է, հայտնվել է անապատում: 1918 թվականին նա կարողացել է գնալ Ֆրանսիա եւ նոր կյանք սկսել:
Թամար Կապրելյան (Ամերիկա)
Իմ ծնողները ծանոթացել են Իրաքում, այնուհետ` տեղափոխվել Լիբանան, իսկ երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը` գնացել են Մանչեսթր: Հայրս կիսով չափ հայ է:
Վահե Թիլբյան (Աֆրիկա)
Մայրիկիս մեծ մայրը ծնվել է Եթովպիայում: Նրա նախնիները Եթովպիա են գաղթել Սեբաստիայից, իսկ հայրիկիս կողմը` Մարաշից:
Ստեֆանի Թոփալյան (Ասիա)
Պապիկս ծնվել է Լիբանանում եւ տեղափոխվել ԱՄՆ, հայրս այնտեղ է ծնվել: Հայրս բանակում ծառայելու ընթացքում ուղեւորվել է Ճապոնիա եւ այնտեղ ծանոթացել մայրիկիս հետ: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն հետագայում որոշել եմ տեղափոխվել Ճապոնիա:
Ինգա Արշակյան (Հայաստան)
Իմ հայրական կողմը մինչ 1915 թվականի ջարդերը կարողացել է փախչել Մուշից: Նրանք հաստատվել են Արագածոտնի մարզում, այնուհետ տեղափոխվել Երեւան:
Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա)
Իմ նախնիներն Իզմիրից են: Պապիկս 1922 թվականին նավով գնացել է Հունաստան: Ծնողներս այնտեղ են հանդիպել, այնուհետ` տեղափոխվել Ավստրալիա:
Տեքստը` Շուշան Շատիկյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի