Լիլիթ Մարտիրոսը Հայաստանը կներկայացնի Top Model of the World- 2015 մրցույթում

16:25   3 հուլիսի, 2015

Մոդել Լիլիթ Մարտիրոսին NEWS.am STYLE-ը մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել անդրադառնալու: Նախորդ անգամ ներկայացրել էինք մեր հարցազրույցը նրա հետ, իսկ այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ Լիլիթը ներկայացնելու է Հայաստանը Top Model of the World-2015 մրցույթում:

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթն ասաց, որ իրեն նկատել եւ մրցույթին մասնակցելու առաջարկ է արել Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

«Շատ շնորհակալ եմ իրենից, նաեւ  Օլգա Լավրիենկոյից, որ ընձեռեցին ինձ այսպիսի հնարավորություն: Միշտ երազել եմ համաշխարհային բեմերում ներկայացնել հայ կնոջ կերպարը, որը շատ հետաքրքիր է: Հայ կինը եւ' գեղեցիկ է, ուժեղ, եւ' լավ մայր, լավ կին, լավ աշխատող: Ուզում եմ, որ աշխարհը տեսնի, թե հայ կինն ինչերի միջով է անցել եւ ով է այժմ»:

 

Խոսելով իր ակնկալիքների մասին, Լիլիթ Մարտիրոսը նշեց, որ երբեք չի կարող ասել, թե ինչ կլինի: «Երբ ես մասնակցում էի «Միսս Հայաստան-2012» մրցույթին, ես չհաղթեցի, բայց իմ առջեւ այնպիսի դռներ բացվեցին, որ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել»,-նշեց նա:

 

Լիլիթ Մարտիրոսը մրցույթին կմասնակցի Մարտիրոսյան ազգանվամբ:

«Մարդիկ չեն հասկանում Մարտիրոս անվան խորը իմաստը եւ կարծում են, թե ես դիտմամբ հեռացրել եմ յան մասնիկը ազգանունիցս, իբրեւ թե խուսափում եմ ցույց տալ ազգությունս, սակայն նման բան չկա: Պարզապես Մարտիրոս անունն ինձ համար շատ խորը իմաստ ունի»,-պարզաբանեց մոդելը:

 

Top Model of the World-2015 մրցույթը կանցկացվի Էլ Գունայում` Կարմիր ծովի ափին, օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը: Բացի այս, սեպտեմբերին Լիլիթին եւս մեկ մրցույթ է սպասվում` Miss Bikini Universe 2015-ը, որը տեղի կունենա Պեկինում:

Զրուցեց Շուշան Շատիկյանը

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսը



© NEWS.am STYLE