Վերա Բրեժնեւան կպատմի ՁԻԱՀ-ի մասին

15:39   30 նոյեմբերի, 2015

Անցյալ տարի ՄԱԿ-ի  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով զբաղվող Միացյալ ծրագիրը (ՅՈՒՆԷՅԴՍ)  երգչուհի, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Վերա Բրեժնեւային նշանակել էր ՅՈՒՆԷՅԴՍ-ի բարի կամքի դեսպան Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում:  Որպես ՅՈՒՆԷՅԴՍ-ի բարի կամքի դեսպան՝ Վերա Բրեժնեւան Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԷՅԴՍ-ի տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Սալդանայի հետ անցյալ տարի Երեւան էր եկել, որտեղ պատմեց, որ մասնակցելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման արշավներին, հատուկ ուշադրություն է դարձնելու ՄԻԱՎ-ի վարակ ունեցող կանանց խնդիրներին, որոնցից է նաեւ ՄԻԱՎ-ի մորից զավակին փոխանցման կանխարգելումը:  

Իսկ վաղը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, բնակչության իրազեկության բարձրացման համար,  «Օդնոկլասնիկի» հարթակում ՄԱԿ-ի` ՅՈՒՆԷՅԴՍ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համատեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ միացյալ ծրագրի աջակցությամբ կսկսվի իրազեկման խոշոր արշավ, որը վերնագրված է «Վերաբերում է նույնիսկ նրանց, ում չի վերաբերում», որի դեմքը դարձել է հայտնի երգչուհի եւ դերասանուհի Վերա Բրեժնեւան: 

Երեքշաբթի դեկտեմբերի 1-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին առցանց զրույցի շրջանակում յուրաքանչյուրը կկարողանա անձամբ հարցեր տալ Վերա Բրեժնեւային եւ  արշավի այլ մասնակիցների, իսկ  17.30-ին Վերան եւ իր ընկերները  առցանց զրույց կանցկացնեն ok.ru ցանցի բոլոր օգտատերերի հետ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ի այլ երկրներում:  

Մասնավորապես, Վերան կխոսի այն մասին, թե.

- ինչու է ՄԻԱՎ-ի համաճարակը տարածաշրջանում «կանացի դեմք» ձեռք բերում,

- ինչու է հատուկ ուշադրություն դարձվում հարուցիչի մորից զավակին փոխանցման կանխարգելմանը,

- ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ներկայումս առկա ծրագրերում ինչ փոփոխություններ է պետք իրականացնել իրավիճակի բարելավման համար, 

- ինչու է այդքան կարեւոր ՄԻԱՎ-ի թեստ անցնելը եւ մեզանից յուրաքանչյուրն ինչ կարող է անել աջակցելու նրանց, ում վերաբերում է այդ խնդիրը: 

Ակցիան կազմակերպվել է մարդկանց ուշադրությունը (հատկապես նրանց, որոնք գուցե վարակված են, բայց տեղյակ չեն) ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածման խնդրի վրա հրավիրելու նպատակով: Արշավի կազմակերպիչները բոլորին կոչ են անում ՄԻԱՎ-ի կամավոր թեստ անցնել: 

Աղբյուրը` Dni



© NEWS.am STYLE