Իվետա Մուկուչյանը` Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթող

09:15   29 մայիսի, 2016

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշելու համար։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Եվ ինչպես կարելի էր ակնկալել, հայտնի դարձավ, որ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանն արժանացել է հիանալի արտաքին եւ ձայնային տվյալներ ունեցող Իվետա Մուկուչյանը։

NEWS.am STYLE-ի թղթակիցներն ամփոփել էին քվեարկության արդյունքները դեռեւս «Եվրատեսիլի» եզրափակչից առաջ, իսկ Ստոկհոլմում գտնվելու ընթացքում նաեւ զրուցել էինք կայքի լրագրող Ուիլյամ Լի Ադամի հետ, որը հարցազրույցում նշում է, որ հայերը պետք է մոռանան Քարդաշյաններին, քանի որ տեսադաշտում արդեն կա Իվետա Մուկուչյանը: 

Wiwibloggs-ը, սակայն, քվեարկության արդյունքները պաշտնապես ներկայացրել է երեկ: Այսպիսով` ցուցակը գլխավորում է Իվետա Մուկուչյանը, որը հավաքել է ձայների 31.45%-ը, նրան հաջորդում է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան (22.71%): Լավագույն եռյակը եզրափակում է Բուլղարիայի ներկայացուցիչ Պոլի Գենովան (6.95%): Ի դեպ, Իվետան «Եվրատեսիլի» պատմության մեջ միակ մասնակիցն է, որը հաղթել է մրցույթի ոչ միայն կիսաեզրափակիչ, այլեւ եզրափակիչ փուլում: 

Ուիլյամ Լի Ադամի խոսքով` Իվետան փայլում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ տաղանդով:

Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կայքին եւ իր օգտին քվեարկածներին.

«Անչափ շնորհակալ եմ…Սա եվրատեսիլյան իմ ճանապարհորդությունն ավարտելու հրաշալի տարբերակ էր: «Եվրատեսիլի» ընտանիքի մի մասնիկը լինելը հրաշալի զգացողություն է»,- ասել է երգչուհին:



© NEWS.am STYLE