Ինչպե՞ս է «Որբերը» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Սարգսյանը նշելու ծննդյան 15-ամյակը

15:05   24 հունիսի, 2016

«Որբերը» հեռուստասերիալում նկարահանվելու ընթացքում Աննա Սարգսյանն ընդամենը 7 տարեկան էր. Սերիալում փոքրիկ Անիին մարմնավորող դերասանուհին այսօր տոնում է ծննդյան 15-ամյակը: NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհու հետ` պարզելու, թե  ովքեր են նրան առաջինը շնորհավորել ծննդյան առթիվ, ինչ սպասելիքներ ունի օրվանից եւ ինչպես է նշելու իր կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը.

«Մինչ ժամը 12-ը զանգահարեց ընկերուհիս եւ սկսեց խոսել տարբեր թեմաներից, որոնք այդքան էլ կարեւոր չէին, իսկ կեսգիշերին արդեն սկսեց երգել եւ շնորհավորել (ի դեպ, դա նրա մոտ շատ լավ է ստացվում): Մի րոպե չանցած արդեն ավանդական դարձած 25 վարդերով ինձ շնորհավորեցին ընտանիքիս անդամները»,-պատմում է Անին` նշելով, որ շատ է սիրում իր ծննդյան օրը.

«Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք չեն նշում ծննդյան օրերը` պատճառաբանելով, թե չեն սիրում այդ օրը…Ամեն տարի տարեդարձս տարբեր ձեւերով եմ նշում: Չեմ սիրում կրկնվել»:

Անիի հետ փորձեցինք հիշել նաեւ, թե որն է եղել իր կյանքում ամենահիշվող ծննդյան տոնը.

«Հիշում եմ` մի տարի Հայաստանում չէի, ծնողներիցս հեռու էի, իսկ նրանք ինձ անակնկալ մատուցեցին` ուղարկելով այն նվերը, որը երկար ժամանակ ցանկանում էի ստանալ»:

Ինչպես շատ հոբելյարներ` Անին եւս ծննդյան օրը պահում է երազանք.

«Միշտ նույն երազանքն եմ պահում. Այն դեռ չի կատարվել, սակայն չեմ հուսահատվում, կրկին կպահեմ այն…»:

Այս տարվա տարեդարձը դերասանուհին նշելու է Երեւանի ժամանցի վայրերից մեկում` սիրելի մարդկանց շրջապատում: Խոսելով իր ակնկալիքների մասին` Անին նշեց.

«Ոչնիչ չեմ ակնկալում ստանալ: Այն մարդիկ, որոնք հրավիրված են ծննդյանս տարեդարձին, լավ գիտեն, թե ինչ նախասիրություններ ունեմ եւ ինչպես ամեն տարի` այս տարի եւս համոզված եմ` կանեն մի բան, որն ինձ շատ դուր կգա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE