Քիմ Քարդաշյանի թիկնապա՞հն է կողոպուտ բեմադրել. թիկնապահը միլիոնների պարտք ունի

10:20   6 հոկտեմբերի, 2016

Օրեցօր Քիմ Քարդաշյանին կողոպտելու պատմությունը նոր մանրամասներով է հարստանում: Երեկ Ֆրանսիայի ոստիկանությունը ներկայացրել է երկու կասկածյալների լուսանկարներ, որոնցից մեկը հավանաբար ծագումով Կովկասից է:

Որոշ փորձագետներ ուղղակիորեն մեղադրում են Քիմի թիկնապահներին անփութության մեջ, իսկ Daily Mail-ը կասկածում է, որ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն կարող է իր հաճախորդի կողոպուտի գործում սեփական շահեր ունենալ:

Պարզվում է՝ Պասկալը անվտանգության ապահովման ProtectSecurity գերմանական ընկերության ղեկավարն ու հիմնադիրն է: Բայց պարբերականը պարզել է, որ այն խնդիր ունի. սնանկ է՝ մեկ միլիոն եվրո պարտքով:

43-ամյա Դյուվյեն կողոպուտի գիշերը Քիմի քույրերի հետ եղել է գիշերային ակումբում, սակայն երկու ամիս առաջ թիկնապահը Գերմանիայի հարկային ծառայությանը հայտարարել էր իր սնանկացման մասին: 

«Նա մեծ պարտքեր ունի, շատ ավելի մեծ, քան հայտարարում է,- ասել են պարբերականի աղբյուրները: - Իրավաբաններն ուսումնասիրում են ֆիրմայի գործերը, որ պարզեն, թե ինչպես է վճարելու վարկատուներին: Ընդհանուր առմամբ նա պետք է վճարի մինչեւ հոկտեմբերի 10-ը»:

Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ Պասկալը հայտնվել է Էպելհայմում գտնվող ֆիրմայի այժմ դատարկ գրասենյակում:

Ֆիրման նույնիսկ գրասենյակի շենքի վարձակալման ամսական 600 եվրոն չի վճարել:



© NEWS.am STYLE