Նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն էին նշում, որ հայ գեղեցկուհի է ներկայացնում Կովկասը. «Վիցե Միսիս Եվրոպա» Աննա Դեմիրխանյան

15:05   12 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի սկզբին մոդել Աննա Դեմիրխանյանը Կովկասը ներկայացրեց Սոչիում կայացած «Միսիս Եվրոպա» մրցույթում: Հայ գեղեցկուհին եւս մեկ անգամ իրենով հպարտանալու առիթ տվեց՝ արժանանալով առաջին «Վիցե Միսիս Եվրոպա» կոչմանը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Նովոսիբիրսկի ներկայացուցիչ Էլինա Բուտենկոն:

Հարկ է նշել, որ «Միսիս Եվրոպա»-ն միջմայրցամաքային մրցույթ է, որին մասնակցում էին Կովկասի (Աննա Դեմիրխանյանը), Բելառուսի, Էստոնիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Կատալոնիայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ջիբրալթարի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի (մի քանի գեղեցկուհիներ) ներկայացուցիչները: 

NEWS.am STYLE-ը զրուցել է Աննայի հետ Սոչիում անցկացրած օրերի եւ մրցույթից ստացած տպավորությունների մասին:

«Անկեղծ ասած՝ ես միշտ տրամադրված եմ հաղթանակի… սիրում եմ լինել առաջինն ամեն ոլորտում, ինչն ինձ հետաքրքրում է եւ որտեղ, որ մասնակցություն եմ ունենում: Ես գնում էի դեպի այդ հաղթանակը: Բոլոր աղջիկներն էլ լավն էին, բայց ճակատագիրն այդպես դասավորվեց…»:

Խոսելով հաղթող մասնակցի մասին՝ Աննան նշեց.

«Ես ոչ մի դատողություն չեմ ցանկանում անել. ժյուրին է այդպես որոշել:) Նրանք ունեն իրենց կարծիքն ու ճաշակը»:

Մեզ հետ զրույցում Աննան նշել էր, որ ամենից շատ ցանկանում է ընկերնանալ աղջիկների հետ, իսկ որպես հուշանվեր՝ նրանց հանձնել անմոռուկներով կրծքազարդեր: Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրան հաջողվեց իրականացնել այդ ցանկությունը.

«Միանշանակ, այո: Անկեղծ՝ ընկերացել եմ շատերի հետ եւ արդեն կարոտում եմ նրանց: Անմոռուկներ, իհարկե, նվիրեցի: Պատմեցի այդ ծաղկի նշանակության մասին: Անձամբ ամրացրել եմ նրանց զգեստներին եւ հրամայել, որ չհանեն:)»:

Չնայած Աննան մրցույթին ներկայացնում էր Կովկասը՝ նա իրեն զգում էր, որպես Հայաստանի ներկայացուցիչ.

«Նույնիսկ, թուրքական լրատվամիջոցներն էին անդրադառնում այս թեմային՝ նշելով, որ հայ գեղեցկուհի է ներկայացնում ամբողջ Կովկասը: Մրցույթի ընթացքում էլ, միեւնույն է, բոլորն ինձ կոչում էին Հայաստան:) Ես սիրում եմ իմ՝ «Աննա» անունը, բայց, կարծես, հիմա նաեւ ունեմ երկրորդ շատ սիրելի անուն՝ Հայաստան»,-ասում է ոգեւորված գեղեցկուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE