Կիեւում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը. դիզայներ Հայկ Ավանեսյանը՝ ժապավենի մասին

11:33   28 ապրիլի, 2017

Կիեւի կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը (պաշտոնական պրեմիերան Ուկրաինայի մայրաքաղաքում կկայանա մայիսի 4-ին):

Ֆիլմում իրադարձությունները զարգանում են Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ 1922 թվականին: Ամերիկացի Քրիսը՝ Associated Press-ի թղթակից, դրայվ է գտնում պատերազմական իրավիճակում, չնայած աշխարհը մասնատվում է: Մայքլը (Միքայել)՝ խելացի բժիշկ-ուսանող, տանջվում է իր զգացմունքների եւ ավանդույթներին հավատարմության միջեւ: Երկուսն էլ սիրահարված են գեղեցկուհի Աննային:
Ժապավենի ռեժիսորը Թերի Ջորջն է, որը հայտնի է նաեւ «Ռուանդա հյուրանոց» ֆիլմով: Ֆիլմի պրոդյուսերներից է Քըրք Քըրքորյանը, իսկ երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոթ Լը Բոնը, ինչպես նաեւ Անժելա Սաֆարյանը:

Ցուցադրությանը մասնակցել են Կիեւի հայ համայնքի, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական գործիչներ, պատգամավորներ: Ցուցադրությունից առաջ Արմեն Կոնտանդյանի կատարմամբ դուդուկի կախարդական հնչյուններն են լցրել կինոթատրոնը:
Ցուցադրությանը մասնակցել է նաեւ Ուկրաինայում հայտնի հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը, որի հետ NEWS.am STYLE-ը զրուցել է ֆիլմի մասին տպավորություններից:


«Ֆիլմն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այսօր համաշխարհային էկրաններին նման ֆիլմ են ցուցադրում, մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ կարող են դիտել այն, հասկանալ ու զգալ այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել հայերի հետ:
Չնայած ես, որպես հայ, գիտեմ եւ հասկանում եմ, որ իրականում ամեն ինչ ավելի սարսափելի, ողբերգական ու դաժան է եղել, քան ֆիլմում է ցուցադրված:
Ես շատ ուրախ եմ, որ Հայոց ցեղասպանության մասին նման ֆիլմ է նկարահանվել: Ֆիլմ, որը ճիշտ տեսանկյունից է ներկայացնում հայկական բնավորությունը, ոգու ուժն ու մեր ժողովրդի միասնականությունը:
Ես իմ բոլոր օտարազգի ընկերներին կպատմեմ «Խոստումը» ֆիլմի մասին եւ խորհուրդ կտամ անպայման դիտել այն»,- նշեց դիզայները:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE