Մարկ Սաղաթելյան. Հինգժամյա բարդ եւ շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն հիվանդասենյակում եմ

23:25   24 հոկտեմբերի, 2012

Հայտնի հաղորդավար եւ շոումեն Մարկ Սաղաթելյանի այսօր, հոկտեմբերի 24-ին Գերմանիայում կատարած վիրահատությունն անցել է շատ հաջող, եւ նա արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարկ Սաղաթելյանը: 

«Ընկերներ, հինգժամյա բարդ եւ շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն հիվանդասենյակում եմ: Շնորհակալ եմ բոլորիդ բարի խոսքերի եւ աջակցության համար: Հավատցեք, դուք ինձ շատ օգնեցիք»,- գրել է նա:Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը վթարի ենթարկվելուց հետո Հայաստանում երկու անգամ վիրահատվել է, այնուհետեւ մեկնել Գերմանիա` վիրահատության համար:

Հիշեցնենք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր նրա կոնքազդրի հոդը:Վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:



© NEWS.am STYLE