Խորհուրդներ ավարտական երեկոյի համար. զգեստի ձեւ ենք ընտրում ըստ կազմվածքի (ֆոտո)

20:18   22 ապրիլի, 2013

Ասում են՝ աղջիկը կարող է ամուսնանալ երկու եւ նույնիսկ երեք անգամ: Իսկ ահա ավարտական երեկոն նրա կյանքում միայն մեկ անգամ է լինելու: Այդ պատճառով այդ անմոռանալի իրադարձությանը պետք է պատրաստվել հիմնավորապես եւ ամենայն լրջությամբ: Նորաձեւության փորձագետ Անժելիկա Մանուկյանն ու NEWS.am STYLE-ը ավարտական երեկոյի համար զգեստի ընտրության գաղափարներ են առաջարկում: Հույս ունենք, որ կօգնենք աղջիկների այդ բարդ գործում, եւ յուրաքանչյուրը կկարողանա դառնալ պարահանդեսի թագուհին: Նախորդ անգամ մենք անդրադարձանք հենց ձեզ հարմար ոճի եւ կերպարի ընտրության թեմային:

Յուրաքանչյուր աղջիկ կազմվածքի առավելություններ եւ թերություններ ունի, այդ պատճառով ավարտական երեկոյի զգեստ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել դրանք: Ընդգծել բարեմասնություններն ու թաքցնել թերությունները. այս սկզբունքին էլ անհրաժեշտ է հետեւել ավարտական պարահանդեսի կերպար ստեղծելիս:

Հայտնի է, որ պայմանականորեն կանացի կազմվածքը բաժանվում է 4 տեսակի.

  1. «Տանձ» – նեղ ուսեր եւ լայն կոնքեր:
  2. «Խնձոր» – գոտկատեղը, ուսերը, կոնքերը գրեթե միանման են:
  3. «Ավազե ժամացույց» – նեղ գոտկատեղ, ուսերն ու կոնքերը համամասնական են:
  4. «Շրջված եռանկյուն» – լայն ուսեր եւ նեղ կոնքեր:

Եվ այսպես, եթե ձեր կազմվածքը «տանձ» տիպի է, հարկավոր է խուսափել մարմինն ամբողջությամբ գրկող իրերից, ծնկներից լայնացող ձեւից, այլ նախապատվությունը տալ հոսող, ծավալները թաքցնող գործվածքներին, գոտկատեղի իջեցված գծով զգեստների փոխարեն օգտագործել բարձր գծով ձեւերը: 

«Խնձոր»-ների համար ճիշտ ընտրություն կլինեն լայն գոտիներով կամ բավական լայն, ծավալուն կիսաշրջազգեստով հագուստները, իսկ ահա մարմինը չափազանց գրկող զգեստներից հարկավոր է խուսափել:

«Ավազե ժամացույցի» կառուցվածք ունեցող երջանիկները կարող են հագնել ցանկացած զգեստ, բայց, ամեն դեպքում, նրբագեղ գոտին կընդգծի կազմվածքի կանացիությունն ու նրբագեղությունը:

«Շրջված եռանկյուն» կազմվածքի պարագայում հարկավոր է հրաժարվել փարթամ թեւքերից եւ կլոր կտրվածքից, կատարյալը մեկ ուսակապն է: Իսկ ահա բարեկազմ եւ նեղ կոնքերը լավ կլինի շեշտադրել:

Ոճի եւ ձեւի ընտրության հարցում կողմնորոշվելուց հետո առաջ է գալիս զգեստը ձեռք բերելու հարցը: Պատրաստի զգեստ կարելի է գնել խանութում կամ պատվիրել առցանց, իսկ կարելի է, օրինակ, պատճենել որեւէ դիզայների՝ ձեզ դուր եկած մոդելը եւ կարել դերձակուհու մոտ:

Նրբություն. զգեստի գույնն ու երանգը պետք է ընդգծեն ձեր մաշկի երանգն եւ մազերի գույնը:

Ինչ ոճի ավարտական երեկոյի զգեստ էլ ընտրեք, բացի արտաքին գեղեցկությունից, այն պետք է նաեւ հարմարավետ լինի. ստիպված եք լինելու դրանով մի ամբողջ գիշեր անցկացնել: Լավ գաղափար կլինի զգեստի համար ճիշտ ընտրված բաճկոնակը, բալերոն կամ թիկնոցը: Նման իրով ծածկվելով՝ դուք լավ տեսք կունենաք նաեւ վկայագիրը ստանալու ժամանակ, իսկ արեւածագը դիմավորելիս չեք մրսի: Ի դեպ, այստեղ հնարավոր են տարբերակներ: Կարելի է տոնակատարության համար երկու զգեստ պատրաստել: Մեկը՝ դասական ոճով, պաշտոնական մասի համար: Իսկ զվարճալի ծրագրի համար օգտագործեք ավելի ազատ ոճի զգեստ եւ նույնիսկ նվազագույն երկարությամբ, որում ձեզ հարմար կլինի պարել:

Երիտասարդ աղջիկների մեծ մասն առօրյայում հագնում է ջինս եւ տաբատ, այդ պատճառով սովորում են լայն քայլքով քայլել, կանգնում եւ նստում են ազատ դիրքով, երբ ոտքերն ու ոտնաթաթերը լայն են դրված: Իսկ շրջազգեստը, հատկապես՝ երեկոյան, այլ մոտեցում է պահանջում: Ավարտական երեկոյից առաջ անպայման վարժվեք զգեստ հագնելուն, սովորեք մի քանի կանգնած եւ նստած դիրքեր, շարժվեք զգեստով, եւ հետո արդեն չեք ամաչի լուսանկարները դիտելիս:



© NEWS.am STYLE