«Սկզբում վախենում էի, բայց հիմա ադրենալին եմ ստանում դրանից». Ստեֆան Հայրապետյանը` «Եվրատեսիլ 2022»-ի բեմից կատարած իր ցատկի մասին

14:05   13 մայիսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում հայտնվել է նաեւ մեր մյուս հայրենակիցը` Ստեֆան Հայրապետյանը, որը մրցույթում ներկայացնում է Էստոնիան: Հայազգի երգիչը ելույթ է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը կայացել է երեկ` մայիսի 12-ին:

Ստեֆանը «Եվրատեսիլ»-ին ներկայանում է Hope երգով, եւ ինչպես նշել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում` այդ երգով ուզում է մարդկանց ուժեղ լինելու եւ պայծառ ապագայի նկատմամբ երբեք հույսը չկորցնելու ոգեշնչում փոխանցել:

280183879_2362366923910893_8300575695828837262_n.jpg (88 KB)

Շոուից հետո կայացած ասուլիսի ժամանակ երգչից հետաքրքրվել են, թե իր` եզրափակիչ անցնելն ինչպես են տոնել Էստոնիայում, նա պատասխանել է` «Հաստատ մեծ էկրաններով նայել են ու տոնել կոնյակով»:

Հանդիսատեսին Ստեֆանը տպավորել է նաեւ իր ելույթի ընթացքում բեմից կատարած ցատկով. արդյոք դա խենթությո՞ւն չէր` հարցրել է լրագրողը.

280389671_3293098977637771_3919611438002635110_n.jpg (90 KB)

«Կարծում եմ` այդ ցատկն ավելի սարսափելի է թվում էկրանից, քան այն իրականում կա: Սկզբում վախենում էի, բայց հիմա ադրենալին եմ ստանում դրանից: Երբ բեմից ցատկում եմ, այդ պահին զգում եմ դահլիճի էներգիան, եւ դա ինձ ուրախացնում է»,-ասել է երգիչը:

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն իր Snap երգը կատարելու է մրցույթի առաջին հատվածում` 8-րդ համարի ներքո, Ստեֆանը եզրափակելու է համերգը` ներկայանալով 25-րդը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` EBU/Andres Putting



© NEWS.am STYLE