Exclusive. Kéyoh-ը՝ Հայաստան այցելելու եւ նոր տեսահոլովակի մասին

21:31   10 հունվարի, 2014

R&B ոճի հայ-բելգիական երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյանը) շարունակում է արտերկրում ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Շատ շուտով համացանցում հասանելի կլինի նրա նոր երգի տեսահոլովակի կարճ տարբերակը: Մանրամասների մասին Կարինեն առաջինը պատմեց հենց NEWS.am STYLE-ին:

Ո՞վ է երգի հեղինակը եւ ի՞նչ ոճում է այն:

Իհարկե, այն ես եմ գրել, ինչպես եւ իմ բոլոր երգերը: Ոգեշնչումը ստացա վերջերս, երբ այցելեցի Լոս Անջելես: Երգն ուրախ ժամանցի եւ սիրո մասին է: Ես գիտեմ, որ երիտասարդները չեն հագենում ուրախ ժամանցից եւ ուզում են, որ այն անվերջ տեւի: Ոճն ինձ համար արդեն հարազատ դարձած R&B/POP/Dance-ն է:


Իսկ տեսահոլովա՞կը:

Գիտեք, որքան էլ լավ նկարագրեմ, անհնար է այդ ամենը պատկերացնել: Բայց կարող եմ նշել, որ շատ դրական էմոցիաներով է հագեցած: Այս տեսահոլովակի մեջ միայն ես եմ, զանգվածային տեսարաններ չկան: Եվ նկարահանման ժամանակ ես իրոք զվարճանում էի: Իսկ երգիս իմաստը հենց դրանում է. եթե մարդ ներքուստ ուրախ է, պետք չէ կաշկանդվել: Եղիր ուրախ, եթե ուզում ես:

Ե՞րբ սպասենք պրեմիերային:

Շուրջ մեկ ամսից: SHINING STAR տեսահոլովակը կհնչի առաջին հերթին Բենիլյուքսում, իսկ Հայաստանում ճանաչում ձեռք կբերի, թե՝ ոչ, կախված է հայրենակիցներիս բարի կամքից: Հայաստանում առայժմ դեռեւս չեմ գովազդվում:


Իսկ ի՞նչ լեզվով է երգը եւ արդյո՞ք այն շատ է տարբերվում դեբյուտային KO Love-ից:

Երգն անգլերեն է: KO LOVE-ից տարբերվում է, բայց նույն ոճի մեջ է, քանի որ հենց այդ է ինձ բնորոշ:


Ի դեպ, նախորդ տեսահոլովակի մասինԻնչպիսի՞ արձագանքներ եղան: Արդյո՞ք այն նաեւ Հայաստանում սիրեցին:

KO LOVE-ը շատ սիրվեց Եվրոպայում, հատկապես Բենիլյուքսի երկրներում: Հայաստանում ես հատուկ չեմ գովազդել երգը, սակայն հիանալի արձագանքներ եմ ստացել մամուլից եւ հայ երկրպագուներից:


Իսկ այժմ ինչո՞վ ես զբաղված:

Ավարտին եմ հասցնում ձայներիզս, նաեւ համերգներով հանդես գալու մի քանի հրավեր ունեմ: Բացի այդ, որպես մոդել շարունակում եմ համագործակցել տարբեր ապրանքանիշերի հետ:


Ձեզ ե՞րբ սպասենք Հայաստանում:

Հայաստանի հետ կապված ծրագրեր ունեմ, սակայն մանրամասները կպատմեմ, երբ ավարտվեն բանակցությունները: Con Alma Jazz band-ի հետ յուրօրինակ ծրագիր ունեմ, սպասում եմ նրանց արձագանքին: Նաեւ նրանց հրավիրել եմ Բելգիա՝ միասին աշխատելու:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE