Հայկական վեց ֆիլմ ներկայացվելու է Նյու Յորքի փառատոնին

13:14   25 փետրվարի, 2014

Մարտի 14-20-ը Նյու Յորքում անցկացվելու է ոչ առեւտրոյին կինոյի Rated SR Socially Relevant Film Festival փառատոնը, որտեղ ներկայացվելու է հայկական արտադրության կամ հայկական թեմատիկայով վեց ֆիլմ: Փառատոնը հիմնադրել է հայկական արմատներով ֆրանսիական ճանաչված դերասանուհի Նորա Արմանին:

Փառատոնին ներկայացվելու են.

If Only Everyone («Եթե բոլորը…») - ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով փնտրում է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հոր գերեզմանը:

Orphans of the Genocide («Ցեղասպանության որբերը») – Ցեղասպանության որբերի հիշողությունները ներկայացնող փաստագրական ֆիլմ:

Armenian Activists Now! («Հայկական ակտիվիստներ, Հիմա՛») – Ռոբերտ Դավիդյանի ֆիլմը՝ Հայաստանի ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին:

Bavakan («Բավական») ֆիլմը, որը պատմում է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման մասին, Լուսինե Սահակյանի Hamshen Community at the Crossroads of Past and Present-ը՝ իսլամացած հայերի մասին, եւ Դավիթ Հովանի Later than Usual («Ավելի ուշ, քան սովորաբար») ժապավենը:

Ընդհանուր առմամբ, փառատոնին ներկայացվելու է շուրջ 40 ֆիլմ:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում Նորա Արմանին ասել էր. «Ես «Rated SR Socially Relevant Film Festival New York»-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն եմ: Այն միաժամանակ ե՛ւ փառատոն է, ե՛ւ շուկայի պահանջարկը բավարարող ֆիլմերի լաբորատորիա: Փառատոնը շեշտադրումներ է կատարում հասարակ մարդկային պատմությունների վրա՝ միաժամանակ այլընտրանք առաջարկելով այսօրվա կինոարտադրության մեջ բռնության եւ հանցագործությունների տարածմանը: Փառատոնի գլխավոր մրցանակն է՝ մեկ շաբաթ անվճար ֆիլմի ցուցադրությունը Նյու Յորքի «Quad» կինոթատրոնում, ինչի շնորհիվ հաղթող ժապավենն Օսկարի թեկնածուների ցուցակում ընտրվելու հնարավորություն կստանա:

Մեր առաքելությունն այն կինոգործիչներին աջակցելն է, ովքեր զբաղվում են սոցիալական արժեքավոր ֆիլմերի արտադրությամբ: Այդ կատարվում է մի հարթակի միջոցով, որը նրանց կոչ է անում արտադրել սոցիալական արժեքավոր ֆիլմեր, որոնց պակասը զգացվում է շուկայում: Ես միշտ ունեցել եմ նման փառատոն ստեղծելու մտահաղացում, բայց այդ հայտնվեց այն ժամանակ, երբ ես գտա ժամանակ եւ անհրաժեշտ ամեն ինչ՝ նախագիծը սկսելու համար:

Բռնության տարածումը մեր հասարակության մեջ սարսափելի է, եւ անձամբ ես կորցրել եմ ինձ համար շատ թանկ մարդկանց՝ Հակոբ քեռուս եւ զարմիկիս՝ Վանյա Էքսերջյանին: Մի քանի տարի առաջ նրանք զոհվել են Եգիպտոսում ատելության հողի վրա կատարված հանցագործության հետեւանքով: Այդ փառատոնը հարգանքի տուրքն է նրանց հիշատակի հանդեպ՝ ի լրումն այն բոլոր սոցիալական արժեքավոր մարդկային պատմությունների, որոնց մասին անհրաժեշտ է պատմել»:

Աղբյուրը՝ www.ratedsrfilms.org



© NEWS.am STYLE