Ֆրանսահայ ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը «ցնցել է» Փարիզի New Morning ակումբի բեմը

14:07   19 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE –ն իր ընթերցողներին արդեն պատմել է ֆրանսահայ հրաշք դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանի մասին, ով 2013 թվականին դարձել էր ֆրանսիական ջազային բեմի հայտնությունը՝ թողարկելով իր առաջին՝ Mars ալբոմը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան ներկայացնում է այնպիսի երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:

Հայր եւ դուստր Ղարիբյաններն իրենց ստեղծագործություններում հարգանքի տուրք են մատուցում հայկական արմատներին։

Երեկ Մաշա Ղարիբյանն իր խմբի հետ միասին, որի կազմում են Դավիդ Պոտո-Ռազելը (կիթառ), Արիել Տիսյեն (հարվածային գործիքներ) եւ Տեթ Ժիրարը (կոնտրաբաս), ելույթ է ունեցել փարիզյան  «ջազի տաճարում»՝ New Morning ակումբում։

Համերգի բացումը կատարել է Papiers d’Arménie խումբը, որի ղեկավարը Դան Ղարիբյանն է։

Ի դեպ, Մաշան դեկտեմբերի 2-ին համերգ կտա նաեւ Թուլուզում, որը կազմակերպելու է Թուլուզի հայկական համայնքը։ Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստանում ապրող երեխաների օգնության ֆոնդին։

Համերգի ժամանակ Մաշան ելույթ կունենա Wanderer տրիոյի հետ, որի կազմն է՝ Ժան Մարկ Ֆիլիպ-Վարժապետյան (ջութակ), Ռաֆայել Պիդու (թավջութակ), Վինսան Կոկ (դաշնամուր)։

Ի դեպ, այս տրիոն 1997, 2000 եւ 2009 թվականներին Victoires de la musique մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է որպես լավագույն խումբ։

 

Աղբյուրը՝ Nouvelle d’Armenie

Լուսանկարները՝  Jean Eckian



© NEWS.am STYLE