21:32 2 փետրվարի, 2015Օրերս ծագումով թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը Երեւանում էր: Առիթը նրա նոր՝ «Սպի» ֆիլմի փակ ցուցադրությունն էր, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել թուրքական հասարակության շրջանում այն պարզ պատճառով, որ ֆիլմում շոշափվում է Ցեղասպանության թեման:
Կադր «Սպի» ֆիլմից
«Սպի» ֆիլմում արծարծվում է Հայոց Ցեղասպանությունն ու դրա հետեւանքով իր ընտանիքը կորցրած հայ տղամարդու՝ Նազարեթ Մանուկյանի ճակատագիրը, որը տարիներ շարունակ օտար ափերում փնտրում է ջարդերի արդյունքում իր կորած դուստրերին: Բայց ասել, որ «Սպին» Հայոց Ցեղասպանության մասին է, կարծում եմ, չափազանցություն կլինի: Ցեղասպանությունն այս ֆիլմում, կարծես, լոկ «ֆոն» է, որի հետեւանքները ուղեկցում են գլխավոր հերոսին իր ողջ կյանքի ընթացքում: Այստեղ չկան սարսափազդու տեսարաններ, թե ինչպես են կոտորում 1,5 միլիոն հայերի, ինչպես տեսել ենք այլ ֆիլմերում ու կարդացել պատմության դասագրքերում: Ցեղասպանությունն, ասես, անցնում է գլխավոր հերոսի «կողքով», բայց, միեւնույն ժամանակ, խոցում նրան: Ու այստեղ է, որ զգում ես ռեժիսորի փայլուն «հնարքը»՝ ցույց չտալ ֆիզիկական ջարդ, բայց դրա փոխարեն ցույց տալ հոգեկան այնպիսի ապրումներ՝ կորուստ, տանջանք, ցավ, կարոտ ու սեր, որ հուզես յուրաքանչյուրին… Երեւի իսկապես երբեմն զգացմունքները կարող են ավելի հուզիչ լինել եւ ավելի ազդեցիկ նկարագրել իրավիճակի ամբողջ ծանրությունը, քան սպանդի արյունոտ տեսարանները: Եվ սա հենց այդ դեպքն է:
Կադր «Սպի» ֆիլմից
Նազարեթ Մանուկյանը, ով այս ֆիլմի հիմնական հերոսն է, փրկվում է մահից. նրան փրկում է թուրք հանցագործը, որին ազատ էին արձակել հայերին սպանելու համար, սակայն, չկարողանալով կատարել զինվորականների հրահանգը, հանցագործը վիրավորում է Նազարեթին այնպես, որ բոլորին թվա, թե նա մահացել է: Նազարեթը վնասվածք է ստանում պարանոցի շրջանում եւ հավերժ կորցնում խոսելու ունակությունը: Ի դեպ, գլխավոր հերոսի՝ համր դառնալն ու իր հետ կատարվածի մասին բարձրաձայնել չկարողանալը անչափ հետաքրքիր ընդհանրացման մասին է թույլ տալիս խորհել՝ Թուրքիայի՝ Ցեղասպանության վերաբերյալ լռության եւ ժխտողական քաղաքականության:
Վերադառնալով ֆիլմին, պետք է նշել, որ ֆիլմի հետագա իրադարձությունները ծավալվում են բացառապես Նազարեթի շուրջ, ով պատահաբար իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են ջարդից, ու լծվում նրանց փնտրելու գործին: Նազարեթի կերպարն իսկական հայ տղամարդու եւ նվիրված հոր կերպար է, ով տարիներ շարունակ լուռ փնտրում է իր դուստրերին՝ Արսինեին ու Լուսինեին, եւ, ցավոք, գտնում նրանցից միայն մեկին:
Կադր «Սպի» ֆիլմից
Ֆաթիհ Աքինը նշում է, որ դա մի մարդու ճակատագիր չէ. Նազարեթն իր մեջ ամփոփում է Ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները, ովքեր մինչ օրս փնտրում են իրենց ընտանիքի անդմաներին։ Միգուցե հենց սա է ցանկացել ցույց տալ ռեժիսորը. այն, թե ինչ հետեւանքներ է ունեցել Ցեղասպանությունը հայերի համար եւ այն, թե ինչպես է հույսը հային ստիպել ապրել եւ պայքարել անգամ «համր» վիճակում: Երեւի իսկապես պետք է շնորհակալություն հայտնել Ֆաթիհ Աքինին՝ ֆիլմում արյունարբու կոտորած, մանկասպանություն եւ մանկապղծություն չցուցադրելու համար: Եղած փաստերն էլ բավական են. փաստեր, որոնք, իհարկե, անհերքելի են, որքան էլ Թուրքիան «համր» ձեւանա:
«Սպին» իսկապես ազդեցիկ ու հուզիչ գեղարվեստական ֆիլմ է, որի՝ Ցեղասպանության մասին լինել-չլինելու հարցը թող որ վիճելի է, այնուամենայնիվ, այն հաստատ արժանի է՝ Եղեռնի 100-րդ տարելիցին աշխարհին ներկայացնելու համար:
Շ.Շ.